- Գլխավոր
- Նորություններ
- Գիտաժողով՝ արտերկրից ժամանած թանգարանագետների մասնակցությամբ
Հոկտեմբեր 30, 2024 | 10:14
Թանգարան
Կարիերա
Գիտաժողով՝ արտերկրից ժամանած թանգարանագետների մասնակցությամբ
ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցավ «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով գիտաժողով՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցերին:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների կազմակերպումը, ընդգծեց, որ ԵՊՀ պատմության թանգարանն ակտիվորեն ներգրավվում է տարբեր միջոցառումներում, ինչի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում համալսարանի գործընկերների միջոցով ձեռք բերելու նոր գիտելիքներ։
«Կարծում եմ, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում կառույցների ղեկավարների միջև, իրական արժեք են ստանում այսօրինակ միջոցառումների շնորհիվ, քանի որ հենց սա է բովանդակություն ձևավորելու ամենակարևոր միջոցը»,- մատնանշեց նա։
Աշխարհի տարբեր թանգարաններից և գիտահետազոտական կենտրոններից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իրանից, Նորվեգիայից, Հյուսիսային Կորեայից ժամանած մասնագետները խմբային աշխատանքների միջոցով ուսանողներին ներկայացրին իրենց թանգարանագիտական փորձը, որը վերաբերում էր նաև արհեստական բանականության կիրառման էթիկական մոտեցմանը, թանգարանների աշխատակազմի պատրաստվածությանը պատերազմների, դժբախտ պատահարների ժամանակ։ Նրանք մասնավորապես շեշտադրեցին մշակութային ժառանգության պահպանման անգնահատելի դերը ողջ մարդկության համար։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի և Թանգարանի միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեի կողմից: