- Главная
- Node
- «ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՆ ՍԿՍԵԼՈՒ
Июня 26, 2020 | 17:13
«ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ, ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ՆՈՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՆ ՍԿՍԵԼՈՒ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում գործող «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոսներ Գևորգ Ղալաչյանը և Գագիկ Չախոյանը որակավորվել են որպես «NVIDIA» խոր ուսուցման ինստիտուտի (DLI) դեսպաններ և պատրաստվում են սկսել իրենց առաջին դասընթացները։
«NVIDIA DLI»-ն և «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը «Ձեռնարկությունների ինկուբատոր» և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամների հետ հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» առցանց դասընթացին, որը տեղի է ունենալու հուլիսի 6-ից 17-ը։ Դասընթացը նախատեսված է առաջադեմ և նորարարական մտածողություն ունեցող ուսանողների, գիտաշխատողների և հետազոտողների համար։
Այն վարելու են Հայաստանում «NVIDIA DLI»-ի հավաստագրված դեսպանները։
«NVIDIA DLI»-ն առաջարկում է որակյալ դասընթացներ ծրագրավորողների, տվյալագետների և հետազոտողների համար, որոնք ցանկանում են խոր ուսուցման և արագացված հաշվողական տեխնիկայի միջոցով լուծել մարտահրավերային խնդիրներ։
Դասընթացը կազմված են լինելու երկու մոդուլներից։ Առաջինը՝ «Fundamentals of Deep Learning for Computer Vision» դասընթացը, սովորեցնում է «Computer Vision»-ի մի շարք առաջադրանքների համար խոր ուսուցման հմտություններ։ Ներածական մասից հետո մասնակիցները կհմտանան խոր ուսուցման ծրագրերի ստեղծման ու մշակման ուղղություններով, օրինակ՝ պատկերների դասակարգման (image classification), առարկաների ճանաչման (object detection), դրանց նեյրոնային ցանցի փոփոխման համար՝ բարելավելու ճշգրտությունն ու ներկայացումը, ինչպես նաև կիրառելու վերջնական նախագծի ընթացքում սովորած հմտությունները։ Դասընթացի ավարտին նրանք կունենան հավելյալ ռեսուրսների հնարավորություն՝ իրենց սեփական խոր ուսուցման նոր ծրագրերը ստեղծելու համար։
Իսկ «Fundamentals of Deep Learning for Multiple Data Types» դասընթացն օգտագործում է խոր ուսուցման հմտությունների դասավանդման մի շարք գործնական վարժություններ՝ տարբեր խնդիրներում ներառելով բազմաբնույթ տվյալների տեսակները։ Խոր ուսուցման ներածական մասից հետո մասնակիցները հմտանալու են պատկերների սեգմենտավորման (image segmentation), նախադասություններ ստեղծելու (sentence generation), պատկերների և տեսագրությունների տեքստագրման (image and video captioning) համար ծրագրեր ստեղծելու մեջ՝ միաժամանակ սովորելով համապատասխան համակարգչային տեսողություն (Computer Vision), նեյրոնային ցանցեր և բնական լեզուների մշակում (Natural Language Processing) հասկացությունները։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան ճիշտ գնահատել խնդիրների այն հիմնական շերտերը, որոնք հնարավոր է կիրառել խոր ուսուցման մեջ։
Դասընթացին մասնակցության նախապայմաններն են «Python»-ի օգտագործման հիմնական փորձ և ծանոթություն մատրիցային գործողություններին, ֆունկցիաներին, փոփոխական մեծություններին և այլն, ինչպես նաև անգլերենի գերազանց իմացություն։
Դասընթացին գրանցվելու վերջնաժամկետն է հուլիսի 3-ը։ Գրանցվելու համար այցելեք այստեղ: