- Главная
- Node
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ԱՎՏՈՄԱՏ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐԸ
Июня 30, 2020 | 17:38
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԴԻՏԱՐԿԵԼՈՒ ԱՎՏՈՄԱՏ ԳԵՆԵՐԱՑՎՈՂ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳՐԵՐԸ
ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար Արթուր Ավագյանի հետ զրուցել ենք ուսանողի ակադեմիական տեղեկագրերի մասին:
‹‹Վերջին տարիներին ԵՊՀ-ի առցանց ուսուցման կառավարման հարթակը ժամանակի ընթացքում ավելի ինտենսիվ է կիրառվում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության կողմից››,- նշեց Արթուր Ավագյանը:
Նրա խոսքով, ժամանակակից առցանց տեխնոլոգիաները և շարժական սարքերը օգնում են օգտվել հաղորդակցվելու և տեղեկություն ստանալու լայն հնարավորություններից:
‹‹Համավարակի այս բարդ ու լարված պայմաններում ԵՊՀ-ի ուսուցման առցանց հարթակը ևս մեկ անգամ ապացուցեց իր կենսունակությունը և պատվով հաղթահարեց իր վրա դրված ծանր առաքելությունը››,- շեշտեց պարոն Ավագյանը:
Նա տեղեկացրեց, որ հարթակը պարբերաբար թարմացվում և հարստացվում է նոր ֆունկցիոնալ գործիքներով․ ‹‹Վերջերս ուսանողներն արդեն հնարավորություն են ստացել դիտարկելու ավտոմատ գեներացվող ակադեմիական տեղեկագրերը։ Այն, ըստ կիսամյակների, ամբողջական, լրիվ տեղեկություն է ուսանողի դասընթացների կրեդիտների և գնահատականների մասին››:
Արթուր Ավագյանը նաև հավելեց, որ տեղեկագրում ներկայացված են ինչպես կիսամյակային և գումարային կրեդիտները, այնպես էլ կիսամյակային ու ընթացիկ վարկանիշային միավորները:
‹‹Այս ամենն իրականացնելու համար մշակվել է ծրագրային միջերես, որի միջոցով ամփոփագրերի տվյալների շտեմարանից վերծանվում են ուսանողի գնահատականները››,- ասաց Ա․ Ավագյանը:
Խոսելով անձնական տվյալների գաղտնիության ապահովման մասին՝ վերջինս նշեց, որ հենց այդ նպատակով կիրառվել են բազմաշերտ անվտանգության միջոցներ:
‹‹Տեղեկագրի դիտարկումը հնարավոր է ուսանողի կայքի գլխավոր էջից, ինչպես նաև զննարկիչի և հատուկ ծրագրի միջոցով,- ասաց Արթուր Ավագյանը՝ հավելելով, որ տեղեկագրի ներկայացումը նախագծվել է հարմարվող կառուցվածքային դիզայնի հիմքով: