- Главная
- Node
- ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Июля 16, 2020 | 17:21
Կրթություն
ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցը։
Ամառային դպրոցը, որը տեղի է ունենալու հուլիսի 15-31-ը, իրականացվում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը փաստեց, որ երկու կառույցների միջև փոխհամագործակցությունն առավել արդյունավետ և սերտ դարձնելու նպատակով դեռևս 2019 թ. վերակնքվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն է տալիս առավել օգտակար գործունեություն ծավալելու։
Ամառային դպրոցի աշխատանքների համակարգող, ֆակուլտետի դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանի փոխանցմամբ, ամառային դպրոցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի 24 ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալու տարբեր երկրներում ու միջազգային կազմակերպություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ ու մշտական ներկայացուցիչներ:
Երեկ մեկնարկած ամառային դպրոցին, որի բացմանը ներկա է եղել ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, առաջին դասախոսությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը՝ Վաշինգտոնից միանալով նախաձեռնությանը։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը նշել է, որ պարոն Ներսեսյանը ֆակուլտետի շրջանավարտ է և դիվանագիտական աշխատանքում հասել է նշանակալի հաջողությունների. «Պարոն Ներսեսյանի գործունեությունն օրինակելի պետք է լինի մեր ուսանողների համար, իսկ այսօրվա դասախոսությունը՝ օգտակար և արդյունավետ»:
Դեկանը փաստել է, որ ամառային դպրոցի հիմնական նպատակը մագիստրոսների տեսական գիտելիքները գործնական հմտություններով հարստացնելն է, ինչը հնարավորություն կտա նրանց ավելի արհեստավարժ մասնագիտական գործունեություն իրականացնելու և հետագայում իրենց ներդրումն ունենալու ՀՀ-ի արտաքին հարաբերությունների արդյունավետ կազմակերպման գործում:
Գեղամ Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳՆ-ին՝ այսօրինակ նախաձեռնությանն ակտիվորեն աջակցելու համար և հույս հատնել, որ ամառային դպրոցի կազմակերպումն ու իրականացումն ամենամյա կդառնա։
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը հեռավար դասախոսության ընթացքում անդրադարձել է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին՝ ներկայացնելով դրանց պատմությունը և ուղղությունները: Վարուժան Ներսեսյանը խոսել է նաև վերջին զարգացումների մասին, որոնք, ըստ նրա, նպատակաուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։
Տեղեկացնենք, որ ամառային առցանց դպրոցի ժամանակ դասախոսություններով հանդես են գալու ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Նշենք նաև, որ ամառային դպրոցի ավարտին ունկնդիրները ստանալու են հավաստագրեր։
Քնար Միսակյան