- Главная
- Node
- ԵՊՀ «ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Июля 20, 2020 | 12:35
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ «ԱՐՎԵՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» կրթական ծրագրի և Ռուսական արվեստի թանգարանի համագործակցության արդյունքում ԵՊՀ ուսանողները երեք տարի անընդմեջ մասնակցում են «Թանգարանային մենեջմենթ և թանգարանագիտություն» պրակտիկային: Պրակտիկայի և գրանցած արդյունքների մասին զրուցել ենք թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հետ:
Պատմության ֆակուլտետում արվեստաբանություն ուսումնասիրող երրորդ կուրսի ուսանողներն այս տարի ևս մասնակցում են Ռուսական արվեստի թանգարանի «Թանգարանագիտության հիմունքներ» ծրագրին և յուրացնում գործնական հմտություններ:
Թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասաց, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դասերն անցկացվում են առցանց, որը սակայն չի խանգարում գործնական առաջադրանքներ կատարելուն. «Օրինակ՝ այս տարի պրակտիկայի վերջում ուսանողների առաջին խմբին հանձնարարված է ստեղծել և ներկայացնել ռազմավարական, իսկ երկրորդ խմբին՝ կրթական ծրագիր թանգարանի համար»:
Նա նաև ավելացրեց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք պատրաստ են բացել թանգարանի դռները պրակտիկա անցած ուսանողների առջև ու տեղում ծանոթացնել բոլոր նմուշներին, ինչպես նաև թանգարանի գործառույթներին:
Թանգարանի տնօրենը նշեց, որ այս ծրագիրը գրանցում է դրական արդյունքներ. «Անցած տարի պրակտիկայի ընթացքում ԵՊՀ-ի ուսանողները պատրաստեցին դպրոցականների համար հատուկ կրթական ծրագիր, որն իրագործեցինք և դարձավ թանգարանի վճարովի ծառայություններից մեկը»:
«Բացի դրանից՝ պրակտիկայի ընթացքում ընտրվեցին երկու լավագույն ուսանող, որոնք այժմ աշխատում են թանգարանում»,- ասաց Մ. Մկրտչյանը:
Թանգարանի տնօրենը նաև հավելեց, որ այս կրթական ծրագրի ուսանողները շատ պատրաստակամ են, աշխատասեր, բավականին ակտիվ են ու ամենայն պատասխանատվությամբ կատարում են իրենց հանձնարարված աշխատանքները:
Նշենք, որ այս տարի ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողների համար Ռուսական արվեստի թանգարանում պրակտիկան վարում է թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, իսկ կրթական ծրագրերը վարում են Կրթական ծրագրերի պատասխանատու Անի Աշուղ-Ղարիբյանը և Հանրային կապերի բաժնի վարիչ Օվսաննա Հարությունյանը:
Պատմության ֆակուլտետի «Արվեստաբանություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող Արեն Խարազյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ, չնայած ստեղծված իրադրությանը, որը դժվարություններ է առաջ բերում, պրակտիկան բավականին արդյունավետ է ընթանում: Նրա հավաստմամբ, դասերը կազմակերպվում են շատ բովանդակալից, ձայնագրվում են և հասանելի դառնում ուսումնական գործընթացից ինչ-ինչ պատճառներով բացակայողների համար․ «Այս ընթացքում ծանոթանում ենք թանգարանների գործունեությանն ու գործառույթներին, առաջադրանքների շնորհիվ նոր տեղեկություններ հավաքագրում այլ թանգարանների մասին ու միասին յուրացնում դրանք»:
Արենը նաև նշեց, որ արտակարգ դրության ավարտից հետո իրենք դասախոսի ուղեկցությամբ կայցելեն Ռուսական արվեստի թանգարան՝ ստացած տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու համար:
Իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Պատմություն», «Մշակութաբանություն», «Կովկասագիտություն» կրթական ծրագրերի ուսանողներն իրենց առցանց պրակտիկան անցկացնում են համապատասխանաբար Հայաստանի ազգային արխիվում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանում (ՀԱԱՊՊԹ), Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամում, «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնում:
Մարինա Առաքելյան