- Главная
- Node
- 5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Июля 31, 2020 | 12:32
Գիտություն
5 ՈՍԿԵ ԵՎ 2 ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ՝ IMC ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ
Հուլիսի 27-ին ավարտվեց 27-րդ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան, որին մասնակցող ԵՊՀ ուսանողները նվաճել են 5 ոսկե և 2 արծաթե մեդալ:
Տեղեկացնենք, որ IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անցկացվում էր առցանց եղանակով՝ պայմանավորված աշխարհում տիրող համաճարակային իրավիճակով:
Այն համախմբել էր աշխարհի 134 համալսարանների ավելի քան 500 ուսանողի:
ԵՊՀ թիմը ներկայացնող 7 մասնակիցները Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողներն էին:
Թիմի անդամներից մի քանիսին մենք նախկինում արդեն անդրադարձել ենք՝ ներկայացնելով մաթեմատիկական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած նրանց լավագույն արդյունքներն ու գրանցած հաջողությունները:
ysu.am-ը զրուցեց IMC միջազգային ուսանողական մաթեմատիկական օլիմպիադայի ոսկե մեդալակիր, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ Վահագն Ալթունյանի հետ, որը պատմեց օլիմպիադային մասնակցելու իրենց մտադրության, օլիմպիադայի՝ առցանց եղանակով անցկացման թվացյալ դժվարությունների և, իհարկե, իրենց հաղթանակած թիմի ձեռքբերման մասին:
«Հունիսի վերջին անցկացվեց օլիմպիադայի ընտրական առցանց փուլը, որի արդյունքով որոշվեց ԵՊՀ թիմի կազմը։ Դրան հաջորդեցին մոտ մեկ ամիս տևած ինտենսիվ պարապմունքները։ Օլիմպիադան անցկացվեց երկու օր՝ հուլիսի 26-ին և 27-ին։ Յուրաքանչյուր օրվա համար տրված էր 4 խնդիր»,- տեղեկացրեց Վահագնը:
Վերջինս հավաստիացրեց, որ չնայած օլիմպիադայի առցանց անցկացման եղանակին՝ այդուհանդերձ կազմակերպչական նկատելի թերացումներ չեղան. ավելին՝ առցանց տարբերակով առաջին անգամ կազմակերպված օլիմպիադան, ըստ մասնակցի, հաջողված էր:
«Օլիմպիադային կարող էին մասնակցել բակալավրիատի 1-4-րդ կուրսի ուսանողները: Մեր թիմի անդամներից 4-ն այս տարի ստացան բակալավրի աստիճան, ուստի սա մեր վերջին օլիմպիադան էր,- նշեց մեդալակիրը և վստահեցրեց,- մեր մասնակցությունն օլիմպիական շարժմանը չի դադարելու, քանի որ մեր ավագ ընկերների օրինակով մենք էլ շարունակելու ենք քաջալերել և օգնել մեր կրտսեր ընկերներին, որպեսզի նրանք կրկնեն և նույնիսկ գերազանցեն մեր գրանցած հաջողությունները»։
Վերոնշյալ միտքն էլ, ըստ Վահագնի, ամփոփում է թիմային միասնականության գաղափարը. «Հենց այս նշանաբանով են պայմանավորված թիմային միասնականությունը և մեր շարունակական ձեռքբերումների գրավականը»:
Զրույցի վերջում մեդալակիրը շնորհակալություն հայտնեց թիմի ղեկավարներ Կարեն Քեռյանին, Վազգեն Միքայելյանին և Ալբերտ Գևորգյանին՝ թիմն ըստ արժանվույն նախապատրաստելու և վերջինիս աջակցելու համար:
Անգին Խաչատրյան