- Главная
- Node
- ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Июля 31, 2020 | 16:54
Հասարակություն
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԱՄՓՈՓՎԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ
Տեղի է ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային առցանց դպրոցի փակման արարողությունը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների համար կազմակերպված ամառային դպրոցը տեղի է ունեցել հուլիսի 15-31-ը։ Այն իրականացվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԱԳՆ-ի միջև հաստատված համագործակցության շրջանակում:
Ամառային առցանց դպրոցի ժամանակ դասախոսություններով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։ Ամառային դպրոցն իր դասախոսությամբ երեկ եզրափակել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
Դասախոսության շրջանակում դեսպան Մհեր Մարգարյանը ներկայացրել է ՀՀ-ի մշտական ներկայացուցչության աշխատանքները ՄԱԿ-ում, անդրադարձել ՄԱԿ-ի կառուցվածքին, որոշումներ ընդունելու ընթացակարգերին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ թեմաների։
Բանախոսը խոսել է նաև «Թվային դիվանագիտության» և համավարակի պայմաններում դրա կիրառման հնարավորությունների և խնդիրների մասին։ Դեսպան Մհեր Մարգարյանը ներկայացրել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները, ինչպես նաև այդ հարցում ՀՀ-ի ներգրավածությունը։
Այսօր՝ ամառային դպրոցի փակման արարողությանը, ելույթով հանդես է եկել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, ամառային դպրոցի ղեկավար Գեղամ Պետրոսյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԳՆ-ին արդյունավետ համագործակցության համար. «Մեր համագործակցության արդյունքն այսօր արդեն իրողություն դարձած «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրով ամառային դպրոցն է»։
Դեկանը նշել է, որ ամառային դպրոցում դասախոսություններով հանդես եկած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները տպավորված են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների ունեցած գիտելիքների և պատրաստվածության բարձր մակարդակով։
Գեղամ Պետրոսյանը հավելել է, որ ամառային դպրոցի մասնակիցները հավաստագրերը ստանալու են ուսումնական նոր տարվա սկզբին։
Փակման արարողությանը ելույթ են ունեցել նաև Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրի ամառային դպրոցի մասնակից ուսանողները՝ խոսելով իրենց տպավորություների և ամառային դպրոցի շրջանակում ձեռք բերած գիտելիքների մասին, ինչպես նաև հանդես եկել մի շարք առաջարկություններով։
Մեզ հետ զրույցում Գեղամ Պետրոսյանը փաստեց, որ ուսանողների քննարկումներից ակնհայտ է, որ ամառային դպրոցի մասնակիցներն իսկապես ունկնդրել են հետաքրքիր և բավանդակալից դասախոսություններ, ձեռք բերել գործնական կարևոր հմտություններ, ինչն արդյունավետ կերպով համադրվում է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքների հետ։
Ֆակուլտետի դեկանը նշեց, որ ամառային դպրոցը դառնալու է ամենամյա։
Քնար Միսակյան