
«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ և Պորտուգալիայի Բեիրայի համալսարանի (UBI) միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ապրիլի 22-26-ը Սոցիոլոգիայի ֆակուլտետում հյուրընկալվեցին Բեիրայի համալսարանի երեք դասախոսներ:
Բեիրայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխնախագահ Նունո Ջերոնիմոյի գլխավորած պատվիրակության անդամները ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին ներկայացրին Բեիրայի համալսարանի կառուցվածքը, պատմեցին ֆակուլտետների, դրանց առանձնահատկությունների և «Էրազմուս+» փոխանակման ծրագրերի հնարավորությունների մասին։

Ն. Ջերոնիմոն «Creative writing» թեմայի շուրջ հատուկ դասախոսություն կարդաց «Հասարակայնության հետ կապեր» բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողների համար: Իննա Մատյուշկինան նույն կուրսի ուսանողներին ներկայացրեց «Քարոզչություն և հաղորդակցություն» թեմայով դասախոսությունը: «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողների համար «Սոցիալական ձեռներեցություն» թեմայով դասախոսություն ներկայացրեց Կատարինա Օլիվեյրան։
Քննարկված թեմաները հետաքրքրություն առաջացրին ֆակուլտետի դասախոսների և ուսանողների համար՝ արդյունավետ և շարունակական համագործակցության ակնկալիքով: