Դասախոսների շարժունության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ապրիլի 22-26-ը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը հյուրընկալեց Նորվեգիայի Ստավանգերի համալսարանի դասախոսներ Բրիտա Գյերշտադին և Արվիդ Լոնեին:
Նրանք դասախոսություններ կարդացին «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագրի բակալավրի երկրորդ և երրորդ կուրսերի, ինչպես նաև «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի բակալավրի երկրորդ կուրսի ուսանողների համար:
Բ. Գյերշտադը ներկայացրեց սոցիալական աշխատանքի ոլորտում կիրառության մեջ մտած նոր եզրույթը՝ ինտերսեկցիոնալությունը։ Նա նաև ներկաների հետ քննարկեց սոցիալական աշխատանքի ոլորտում տեխնոլոգիական նորամուծությունների տարածման մարտահրավերները, դրանք հաղթահարելու ուղիներն ու հնարավորությունները:
Մեկ դասախոսություն էլ նվիրված էր երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության հիմնախնդրին: Ա. Լոնեն ներկայացրեց Նորվեգիայում թմրանյութերից կախվածություն ունեցող դեռահասների հետ աշխատանքի նորարարական մոտեցումները և մոտիվացիոն հարցազրույցի տեխնիկաները:
Այցի շրջանակում Ստավանգերի համալսարանի դասախոսներն այցելեցին նաև ԵՊՀ «Սոցիալական աշխատանք» բակալավրի կրթական ծրագրի շրջանակում գործընկեր կազմակերպություններ՝ ՀՕՖ-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ մասնագիտական քննարկումներ ունեցան կենտրոնների աշխատակիցների հետ, համեմատեցին երեխաների հետ աշխատանքում կիրառվող մեթոդները Նորվեգիայում և Հայաստանում, մշակեցին փորձի փոխանակման ապագա տեսլական:
Այցի վերջին օրը Բ. Գյերշտադը Սոցիոլոգիայի ֆակուլտետի մեթոդական սեմինարների շրջանակում ֆակուլտետի դասախոսներին ներկայացրեց Նորվեգիայի սոցիալական պետության հայեցակարգը, որը բուռն քննարկումներ առաջացրեց լսարանում:
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և Ստավանգերի համալսարանի մասնագետները հետագա համագործակցության համար առանձնացրին համատեղ հետազոտությունների և հոդվածների թեմաներ։