ԵՊՀ պատմության ֆակուլտետում ամփոփվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» 4-րդ կրթամրցանակի արդյունքները։ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնի ուսանողները ստացան դրամական պարգևներ։
2021 թվականից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Ոսկի սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագիրը, որի նպատակն է հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված երիտասարդների հիշատակին, նպաստել կրթության և գիտության առաջընթացին՝ անմահացած հերոսների անուններով կրթամրցանակներ սահմանելով և խրախուսելով երիտասարդ հետազոտողներին։
Վահագն Թումասյանի հիշատակին նվիրված կրթամրցանակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի շրջանակում ամեն տարի խրախուսվում են ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի բարձր առաջադիմություն, նորարար միտք և քաղաքացիական հանձնառություն ունեցող ուսանողները կամ ասպիրանտները։
Կրթամրցանակի ամփոփման արդյունքում հաղթող ճանաչվեցին «Հնագիտություն և ազգագրություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողներ Սուսաննա Բաբայանը, Լևինե Համբարձումյանը և Անի Վարդանյանը (մրցանակային ֆոնդը բաժանվեց նրանց միջև)։ Պատմության ֆակուլտետի ուսանողները շնորհակալություն հայտնեցին մրցույթի կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ Վահագն Թումասյանի անվան կրթամրցանակ ստանալը շատ պարտավորեցնող է։
Նշենք, որ մրցույթի հայտադիմումները գնահատելու նպատակով ձևավորվել էր հանձնաժողով, որի կազմում էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը, Վահագն Թումասյանի ընտանիքի անդամներ և բարերարներ։