- Главная
- Node
- ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՈՒ ՆՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՕՐՅԱ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Декабрь 10, 2018 | 14:23
Կրթություն
ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՈՒ ՆՈՐ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՕՐՅԱ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանի մեկնարկը:
Երիտասարդ գիտնականներին ողջունեց Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանքային օր:
Ավանդական դարձած այս նստաշրջանն իրականացվում է արդեն 10 տարի: Գիտական նստաշրջանի ընթացքում ասպիրանտներն ու հայցորդները ներկայանում են զեկուցումներով, որոնց հաջորդում է հարցուպատասխանը:
Ըստ այդմ՝ իրենց հետազոտական աշխատանքներն ու վերլուծությունները ներկայացրին Քրեական իրավունքի, Եվրոպական և միջազգային իրավունքի, Քաղաքացիական իրավունքի և Քաղաքացիական դատավարության, ինչպես նաև Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների ասպիրանտներն ու հայցորդները:
Քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտների ուշադրության կենտրոնում էին մեդիացիայի իրականացումը՝ որպես պրոբացիոն ծառայությունների գործառույթը, իրավաբանական անձանց համար նախատեսվող պատիժների համակարգը,
պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանվող փորձաշրջանի վերացման հիմքերի և դրա քրեաիրավական հետևանքների վերաբերյալ որոշ հարցեր և այլ գիտական թեմաներ:
Քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Ռոզա Աբրահամյանն անդրադարձավ անչափահաս դատապարտյալների նկատմամբ ազատազրկում պատժատեսակի կատարման, տարբերակման և անհատականացման վերաբերյալ հարցերի իրավական կարգավորման զարգացմանը:
Բանախոսը մանրամասն ուսումնասիրել էր տարբեր երկրներում անչափահաս դատապարտյալների նկատմամբ ազատազրկման պատժատեսակները: «Անչափահասների հետ տարվում է անհատական աշխատանք: Ի սկզբանե, նրանց հետ խոսում են և՛ բժիշկները, և՛ հոգեբանները»,- նշեց Ռոզան:
Ներկայացնելով տարբեր երկրների օրինակաները՝ բանախոսը միաժամանակ կատարեց համեմատություններ:
Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ Գրիգոր Չոբանյանն անդրադարձավ արդի գլոբալացման պայմաններում պետության սուվերենության հիմնախնդրին:
Հիշեցնենք, որ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների տարեկան գիտական երկօրյա նստաշրջանի ավարտը դեկտեմբերի 11-ն է:
Անգին Խաչատրյան