- Главная
- Node
- ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Декабрь 14, 2018 | 15:44
Ուսանողական
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները:
Կիսամյակային ուսումնավարժանքի ծրագիրը Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ուսանողները գործում են ըստ «բեմադրված սցենարի»:
Վարժանքը մեկնարկեց տագնապային ազդանշանով: Լսարանում բռնկված հրդեհը փորձել էին հանգցնել սեփական ուժերով, բայց չէր ստացվել, և վարժանքի մասնակիցները ստիպված էին ուսանողներին ու դասախոսներին տարհանել: Ըստ սցենարի՝ տարհանման ընթացքում ոմանք ստացել էին վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ և այլն:
Մանրամասն ներկայացնելով արտակարգ իրավիճակներում տարհանման կարգն ու ցույց տալով առաջին բուժօգնություն՝ ուսանողները դարձան «բեմադրված սցենարի» գլխավոր հերոսները:
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ամբիոնի վարիչ Սարգիս Մանուկյանը վստահեցրեց, որ ուսանողներն այսօր ցուցադրեցին կիսամյակում ստացած գիտելիքները:
«Նախապատրաստական փուլից սկսած՝ նկատվեցին ուսանողների ոգևորությունն ու պատրաստակամությունը»,- ասաց նա:
Ս. Մանուկյանը փաստեց, որ ցանկացած արտակարգ պատահարի ժամանակ մարդուն օգնում են հենց այս գիտելիքները. «Սա այն առարկան է, որից ստացած տեսական և գործնական գիտելիքներն օգնելու են մարդուն ցանկացած պատահարի ժամանակ»:
Ուսանողների պատրաստակամությունն ակնհայտ էր: Օգնելով տուժածներին և կիրառելով ստացած տեսական գիտելիքները՝ ուսանողներն ավարտեցին ուսումնավարժանքը:
Անգին Խաչատրյան