- Главная
- Node
- ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Декабрь 17, 2018 | 11:57
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի Գիտակրթական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ դասախոսություն` գիտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքների վերաբերյալ:
Դասախոսության բանախոսն էր Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկազ Հովհաննիսյանը: Բանախոսությաան ընթացքում պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց գիտական աշխատանք կատարելու այն հմտություններն, որոնց պետք է տիրապետի սկսնակ հետազոտողը։
Բանախոսն անդրադարձ կատարեց այն սկզբունքներին, որոնցով պետք է առաջնորդվել թեմա ընտրելուց առաջ։ Ըստ Հովհաննիսյանի՝ ցանկացած հետազոտող պետք է թեմա ընտրելիս առաջնորդվի ոչ թե այն սկզբունքով, թե որքան հարուստ գրականություն կա տվյալ թեմայի վերաբերյալ, այլ հաշվի առնի, թե ինչ նորություն է բերելու իր աշխատանքով գիտական ասպարեզ։
Բանախոսը հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց պոետի և պատմաբանի աշխատանքների միջև՝ նշելով, որ պատմաբանին ևս հարկավոր է մուսա աշխատանք գրելուհամար, և, որ պատմաբանի համար հոդված գրելն ոչ թե ինքնանպատակ պետք է լինի, այլ հեղինակն իսկապես ասելիք պետք է ունենա։
Պրոֆեսորն անդրադարձավ այն խնդրին, որ այսօր սկսնակ հետազոտողներն իրենց առջև դնում են թվաքանակ ապահովելու խնդիր՝ ուշադրություն չդարձնելով աշխատանքի որակական հատկանիշներին, որի արդյունքում գիտական ոլորտը վերածվում է «աղբանոցի»։
Դասախոսությունը հատկապես կարևոր էր ցածր կուրսեցիների, ինչպես նաև գիտություն մուտք գործել ցանկացող այն ուսանողների համար, ովքեր լավ չէին տիրապետում գիտական հետազոտություն անցկացնելու հիմնական սկզբունքներին:
Դասախոսության ավարտին բանախոսը նշեց. «Ֆակուլտետում նման հանդիպումները պետք է շարունակական բնույթ կրեն, քանի որ հենց նման քննարկումների շնորհիվ է, որ ուսանողներին առավել մանրամասն կներկայացվի, թե ինչպիսին պետք է լինի գիտական աշխատանքի կառուցվածքը»: Այնուհետև ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսին և ստացան սպառիչ պատասխաններ:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան