- Главная
- Node
- ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Декабрь 18, 2018 | 15:32
ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏՆՏԵՍԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր բակալավրիատի ավագ կուրսի ուսանողների համար տեղի ունեցավ «Փոքր բյուջետային մարկետինգային ռազմավարությունների մշակում» թեմայով վարպետության դաս:
Վարպետության դասը վարեց «Մորգան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Դիանա Ավետյանը:
Դասախոսության ընթացքում բանախոսը նախ անդրադարձավ մարկետինգային սահմանումներին և նպատակներին, ապա ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու համաշխարհային շուկայում հայտնի գովազդային արշավներին:
«Մարկետինգի միակ նպատակը վաճառք իրականացնելն է,- նշեց բանախոսը,- եթե այդ վաճառքը տեղի չի ունենում, ապա այն ինչ անում եք, իր նպատակին չի ծառայում, և պետք է փոխել ուղղությունը»:
Դ. Ավետյանն ուսանողներին ներկայացրեց նաև մարկետինգի 3 M-երը, որի սահմանման մեջ պետք է հասկակալ, թե որն է իդեալական շուկան (Market), դրա ուղերձը (Message) և ինչ միջոցներով է (Media) այդ ուղերձը տեղ հասնում:
«Այս գործընթացը մի ճամփորդություն է, որով պետք է անցնի մեր թիրախային շուկան, մենք պետք է ուղղորդենք նրան ամենասկզբից մինչև մեր հավատարիմ հաճախորդ դառնալը»,- նշեց բանախոսը:
Ի վերջո, ըստ բանախոսի՝ մարկետինգային այդ ճանապարհորդությունը կարելի է հետևյալ փուլերի բաժանել՝ ճանաչել, հավանել, վստահել, գնել:
Անի Պողոսյան