- Главная
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Декабрь 18, 2018 | 16:03
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան լսարանում այսօր նշվեց Արաբերենի միջազգային օրը:
Արաբագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ՀՀ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահա Ալ-Դասուկին, ներկայացուցիչներ Իրաքից, դասախոսներ և ուսանողներ:
Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ.
«Արդեն հիսուն տարի է, որ մենք պաշտոնապես ուսումնասիրում ենք արաբերենը: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ Արաբագիտության ամբիոնը տարածաշրջանի լեզվական և մշակութային կարևոր կենտրոններից է, որտեղ համախմբված են բարձրակարգ կադրեր, դասախոսներ: Արաբագիտության ամբիոնը լավագույն հարթակն է, որտեղ տեղի են ունենում լեզվական և միջմշակութային առողջ երկխոսություններ»:
Հայկ Քոչարյանը շնորհավորական խոսքում նշեց, որ ուրախ է այս օրն ավանդույթ դարձնելու համար:
Նա ներկայացրեց երկու ամիս առաջ Կահիրեում լույս տեսած Մարի Շակկարի (Մարիամ Կարապետյան) «Երկու աշխարհների միջև» վեպի արաբերեն թարգմանությունը: Մարի Շակկարը 2004-2009 թվականներին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և Արաբագիտության ամբիոնում դասավանդող դոկտոր Ռուբեն Կարապետյանի տիկինն է:
Գրքի մեկական օրինակ նվիրվեց ՀՀ-ում արաբական երկրների դեսպաններին և ՄԱԿ-ի մշտական համակարգողին: Արաբագիտության ամբիոնի վարիչը տեղեկացրեց նաև, որ արաբագիտության ամբիոնը ծրագրում է փետրվար ամսին կազմակերպել վերոնշյալ գրքի շնորհանդեսն ու հեղինակի հանդիպումը ամբիոնի ուսանողների հետ:
Արաբագիտության բաժնի ուսանողները միջոցառման ընթացքում հադես եկան երաժշտական համարներով, ներկայացրին իրենց շարադրությունները արաբական որևէ ավանդույթի՝ միմյանց ողջունելու, սուրճ մատուցելու, հյուրընկալության, վրեժխնդրության մասին:
Հնչեցին արաբերենով ստեղծագործող հեղինակներ Ջուբրան Խալիլ Ջուբրանի և Նիզար Կաբբանիի գործերը:
Ուսանողները պատրաստել էին շարադրության մրցույթի անցած տարվա հաղթողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ ուղևորության մասին պատմող տեսահոլովակ:
Քուվեյթ՝ լեզվական վերապատրաստման մեկնած ուսանողները տեսահոլովակ էին պատրաստել արաբերենի մասին՝ ցուցադրելով իրենց ուսանողական առօրյան:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական համակարգող Շոմբի Շարփը ողջունեց հայ-արաբական հարաբերությունների ավանդույթները և ուսանողներին վկայականներ հանձնեց արաբերենը բարձր մակարդակով ներկայացնելու համար:
Նշենք, որ արաբերենը ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներից մեկն է:
Միջոցառման ընթացքում արաբական երկրների դեսպաններն ամփոփեցին «Լավագույն շարադրություն» մրցույթի արդյունքները՝ հաղթողներ ճանաչելով Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Անահիտ Բազեյանին, մագիստրատուրայի ուսանողներ Արա Մաթևոսյանին և Աննա Սիմոնյանին:
Մարի Ռաֆյան