Պատմաբան, կուսակցական գործիչ, փիլիսոփայական և պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս
Ծնվել է 1887 թ. հունիսի 17-ին Շուշիում: Սովորել է տեղի ռեալական ուսումնարանում: 1906 թ. դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Գերմանիա, ուսանել Ենայի, Հալլեի, Մյունխենի համալսարաններում:
1913 թ. Ա. Հովհաննիսյանն ավարտել է Մյունխենի համալսարանը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: 1913-1914 թթ. պաշտոնավարել է Շուշիի հայկական հոգևոր սեմինարիայում, իսկ 1914-1917 թթ.՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Դասախոսական աշխատանքին զուգահեռ՝ գիտական հետազոտություններ է կատարել Էջմիածնի մատենադարանում և դրանց արդյունքները հրատարակել «Արարատ» ամսագրում ու առանձին գրքույկներով:
Ա. Հովհաննիսյանը կոմունիստական կուսակցության անդամ էր 1906 թվականից: 1918 թ.՝ Բաքվի կոմունայի օրերին, ղեկավարել է Բաքվի խորհրդի կուլտուր-լուսավորական բաժինը, իսկ հետո՝ լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժինը: Կոմունայի անկումից հետո մեկնել է Մոսկվա, որտեղ աշխատել է Ազգությունների գործերի կոմիսարիատում որպես գրականության և պատմության բաժնի վարիչ և, միաժամանակ, 1918-1920 թթ. ղեկավարել ՌՍՖՍՀ լուսժողկոմատի հայկական բաժինը: 1920 թ. դեկտեմբերին նա նշանակվել է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար: Այդ պաշտոնում պաշտոնավարման ընթացքում նրա ստորագրած առաջին փաստաթղթերից մեկը «Երևանի համալսարանի վերակազմության մասին» դեկտեմբերի 17-ի հրամանն էր: 1922-1927 թթ. եղել է Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության առաջին քարտուղար:
1921-1927 թթ. Ա. Հովհաննիսյանը հայ ժողովրդի պատմություն և լենինիզմ է դասավանդել ԵՊՀ-ում: 1927-1937 թթ. աշխատել է Լենինգրադի և Մոսկվայի գիտական հիմնարկներում:
Նա ևս զերծ չի մնացել ստալինյան դարաշրջանի բռնություններից: 1937 թ. բռնադատվել է, 1949-ին աքսորից վերադառնալուց հետո հինգ տարի հարկադրված ապրել Կիրովականում (այժմ` Վանաձոր):
1954 թ. Ա. Հովհաննիսյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1955 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1960 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1961-ից ղեկավարել պատմության ինստիտուտի նոր պատմության բաժինը:
Ա. Հովհաննիսյանը թողել է գիտական հարուստ ժառանգություն. առանձնապես կարևոր են «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» (գերմ., Մյունխեն, 1913), «Հայ-ռուս օրիենտացիայի ծագման խնդիրը» (Էջմիածին, 1921), «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (Եր., 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (Եր., 1955, 1956) երկհատոր մենագրությունները և «Հայ-ռուսական հարաբերությունները 18-րդ դարի առաջին երեսնամյակում» վավերագրերի ժողովածուի ընդարձակ առաջաբանը (ռուս., Եր., 1967):
Նրա գիտական ղեկավարությամբ ձևավորվել են բազմաթիվ պատմաբաններ:
1967 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Վախճանվել է 1972 թ. հունիսի 11-ին Երևանում:
Ա. Հովհաննիսյանի բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր կուսակցական գործչի և գիտնական-մանկավարժի դերը համալսարանի հիմնադրման ու կայացման գործում: