Լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Ծնվել է 1920 թ. հոկտեմբերի 25-ին ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Ավարտելով տեղի յոթնամյա, ապա՝ Թալինի միջնակարգ դպրոցները՝ 1938 թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ:
1941-ին 4-րդ կուրսից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943 թ. զորացրվել է: 1944 թ. ավարտել է համալսարանը, 1948 թ.՝ ասպիրանտուրան:
1952 թ. պաշտպանել է թեկնածուական, 1981 թ.՝ դոկտորական ատենախոսություն: 1955 թ. նրան շնորհվել է դոցենտի, 1984 թ.՝ պրոֆեսորի կոչում:
1946 – 1948 թթ. եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, 1948 – 1958 թթ.՝ ՀՊՀՄԻ հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1958 թ. տեղափոխվել է ԵՊՀ և 1969 թ. ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977 – 1985 թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985 – 1990 թթ.՝ հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր վարիչ:
1969 – 1972 թթ. եղել է ԵՊՀ կուսկոմիտեի առաջին քարտուղար, 1955- ից՝ ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, 1992-ից՝ ՀՀ Կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի գիտքարտուղար:
Հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվում՝ «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն» (Եր., 1953), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները» (Եր., 1967), «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները» (Եր., 1975), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (Եր., 1980), ինչպես նաև՝ դպրոցական դասագրքերի: Սկսած 1964-ից՝ նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս է տեսել «Տերմինաբանական ուղեցույցը» (վերջինը՝ Եր., 2006):
Հեղինակ է նաև «Հայերեն ուղղագրական-ուղղախոսական տերմինաբանական բառարանի» (Եր., 1973), ինչպես նաև համահեղինակ՝ հինգհատորյա «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» (Եր., 1986 – 2001), որը 2003 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 10 ատենախոսություն:
1970 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
Պարգևատրվել է «Պատվո նշան» (1981), Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի (1985) շքանշաններով, Մովսես Խորենացու և բազմաթիվ այլ մեդալներով:
Վախճանվել է 2014 թ. օգոստոսի 2-ին Երևանում: