Գրականագետ, դոցենտ
Ծնվել է 1931 թ. դեկտեմբերի 24-ին Երևանում: Ուսումնառությունն սկսել է թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է Երևանի թիվ 20 դպրոց և ավարտել այն 1949 թ.:
1954 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1957 թ. ասպիրանտուրան:
1957-1959 թթ. Լ. Ներսիսյանն աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ավագ խմբագիր, իսկ 1959 թ. դարձել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող:
1957-ից ԵՊՀ-ում և ԵԳԹԻ-ում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965-ից` ավագ դասախոս, 1992-1994 թթ.՝ դոցենտ:
Նրա հետաքրքրության ոլորտներն էին անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոն, ֆրանսիական վեպ, սյուրռեալիզմի պոեզիա), որոնք դասախոսում էր բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ մեկտեղ ուսանողների մեջ սերմանելով գրական բարձր ճաշակ: Աչքի է ընկել նաև դերասանական փայլուն կարողություններով. նկարահանվել է գեղարվեստական մի քանի կինոնկարներում:
Լ. Ներսիսյանը 1960-1980-ականների հայկական մշակույթի ամենաակնառու գործիչներից էր, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը: Դրա հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը:
1998 թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Վախճանվել է 1999 թ. նոյեմբերի 27-ին Երևանում:
Երևանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու և ազատության ասպետ Լևոն Հրաչյայի Ներսիսյանը»: