Խաչիկ Դաշտենց
1932 թ. ավարտել է ԵՊՀ պատմալեզվագրական ֆակուլտետը։
1940-1941 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
ԻՄ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ
Աբեղյանն էր, Մանուկ, լսարան մտնում լուռ
Քուռկիկ Ջալալու սանձից բռնած,
Եվ Լեոն էր գալիս` մի անամոք մրմուռ
Իր նոր խոհերի պարսին խառնած:
Ղափանցյանն էր, Գրիգոր, մեզ գրաբար կարդում`
Գիրն Եղիշեի լուսաբարբառ,
Աճառյանն էր, Հրաչյա, համալսարան մտնում
Որպես շարժական լեզվի տաճար:
Տերտերյանն էր, Արսեն, որ ամեն օր անդուլ
Քաղաքն էր շրջում հոգեխռով,
Մանանդյանն էր, Հակոբ, մեր գունդն առաջնորդում
Տիգրանակերտից մինչև Հռոմ:
Օ՜, Խանզադյան, Ցոլակ, ցոլա իմ հուշերում,
Հայ կաճառում վառված մոլեգին լույս,
Քեզ եմ հիշում, Սիմոն, բազմակարծիք ծերուկ,
Միջամուխ, դժբախտ մեր Պոլոնիուս: