Պատմաբան, բանասեր, տնտեսագետ
Ծնվել է 1885 թ. հոկտեմբերի 3-ին Պարսկաստանի Մակու քաղաքում, որտեղ ստացել է սկզբնական կրթություն: 1907 թ. ավարտել է Գևորգյան ճեմարանը: Մինչև 1913 թ. եղել է նույն կրթօջախի ուսուցիչ:
1921–1922 թթ. աշխատել է Հայպետհրատում: 1921 թ. հրավիրվել է դասախոսելու ԵՊՀ-ում: Հասարակագիտական և պատմագրական ֆակուլտետներում դասավանդել է հայ հասարակական մտքի պատմություն և տնտեսական զարգացման պատմություն, վարել հասարակագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը և եղել համալսարանի վարչության անդամ: 1925 թ. դասավանդել է Երևանի կուսդպրոցում:
1926–1930 թթ. եղել է Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի անդամ: Այնուհետև զբաղվել է գրական-գիտական աշխատանքով՝ ստեղծելով մի շարք ինքնատիպ ու մնայուն գործեր, որոնցից են «Հայ ազատագրական շարժման երկու հոսանք 18-րդ դարի վերջում» և «Շահամիր Շահամիրյանն ու հնդկահայոց համայնական ինքնավարությունը 18-րդ դարում» աշխատությունները: Նրա գրչին են պատկանում հայ գրականության մեծերից Խ. Աբովյանի, Մ. Նալբանդյանի, Հովհ. Թումանյանի, Մուրացանի, Ա. Թոխմախյանի գրական ժառանգության լուսաբանմանը նվիրված ուսումնասիրություններ:
Տնտեսագիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի տնտեսական զարգացման պատմությանը՝ «Հայ շինականի և գեղջկուհու աշխատավարձը 5-րդ դարում», «Մի գաղտնիք հայ վիմական արձանագրությունների մեջ ու նրա նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման պատմության համար» (Եր., 1927), տնտեսագիտության տեսությանը՝«Կարլ Մարքսի տնտեսական զարգացման թեորիան» (Եր., 1926) և այլ հարցերի:
Գործուն մասնակցություն է ունեցել 1934–1935 թթ. hրատարակված «Ռուս-հայերեն նոր բառարանի» ստեղծմանը, ինչպես նաև կազմել է «Ռուս-հայերեն տնտեսագիտական տերմինների բառարան»-ը (Եր., 1964): Ծավալել է թարգմանչական գործունեություն:
1937 թ. հուլիսի 26-ին ձերբակալվել է հակահեղափոխական գործունեություն ծավալելու մեղադրանքով: Գնդակահարման մասին վճիռը կայացվել է 1937 թ. դեկտեմբերի 28-ին:
1955 թ. արդարացվել է: