Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ծնվել է 1885 թ. դեկտեմբերի 25-ին Քարվանսարայում (այժմ Իջևան): Սովորել է տեղի թեմական դպրոցում։ 1896-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1896-1903 թթ. սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1904 թ. մեկնել է Եվրոպա, սովորել Ենայի և Լայպցիգի (Գերմանիա), ապա և Բեռնի (Շվեյցարիա) համալսարաններում:
1909 թ. Գ. էդիլյանը պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1912 թ. նրա՝ «Քննադատություն Ցիլլերի ձևական աստիճանների» խորագրով ատենախոսությունը հայերեն տպագրվել է Էջմիածնում՝ մեծ համբավ ու ճանաչում բերելով հեղինակին նաև հայկական միջավայրում: Մանկավարժական գործունեությունն սկսել է Գևորգյան ճեմարանում, որտեղ աշխատել է 1909-1914 թթ., այնուհետև մինչև 1919 թ. աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
1920 թ. Գ. էդիլյանը հրավիրվել է ԵՊՀ որպես դասախոս, իսկ 1921 թ.` նշանակվել մանկավարժական ֆակուլտետի դեկան: 1934 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1934-1937 թթ. աշխատել է Հայկական մանկավարժական ինստիտուտում:
Հայոց մեծ եղեռնի օրերին Գ. էդիլյանը ծավալել է ազգանվեր բուռն գործունեություն: 1916 թ. նա ստանձնել է Կովկասի գաղթականական որբանոցների տեսչի պաշտոնը, կազմակերպել անապաստան երեխաների կրթության ու դաստիարակության գործը: Ընդհանուր մանկավարժական հոգեբանության, դասավանդման մեթոդիկայի ուսումնական ծրագրերի ու ձեռնարկների ստեղծման հետ միասին նա զբաղվել է նաև գեղարվեստական երկի հոգեբանական վերլուծության, դատական հոգեբանության, ինչպես նաև հայկական տառատեսակների ու դրանց դյուրընթեռնելիության հարցերով:
Գ. էդիլյանը հեղինակ է հոգեբանությանը, մանկավարժությանը, մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկային, մանկավարժական մտքի պատմությանը, հայ գրականության պատմությանը, նոր ու նորագույն գրականությանը վերաբերող 100-ից ավելի գիտական հոդվածների և մի շարք արժեքավnր գրքերի, որոնցից առավել կարևորներն են «Դասավանդման ձևեր» (Վաղարշապատ, 1913), «Դասավանդման խնդիրներ» (էջմիածին, 1914), «Հայոց լեզվի մեթոդիկա» (Թիֆլիս, 1923), «Ձեռագրի ուսուցման մեթոդիկա» (Եր., 1927), «Լեզվի մեթոդիկա» (Եր., 1930), Հոգեբանության ուրվագծեր» (Եր., 1958) աշխատությունները:
1937 թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվել է հակահեղափոխական ագիտացիա անելու մեղադրանքով և նույն թվականի դեկտեմբերի 5-ին դատապարտվել 10 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:
Մահացել է 1942 թ. հունվարի 15-ին Օմսկում:
1955 թ. արդարացվել է. գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: