ԵՊՀ ՈՒԳԸ ղեկավար մարմինը ՈՒԳԸ գիտական խորհուրդն է, որի ի պաշտոնե անդամներն են ՈՒԳԸ նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը, հանձնաժողովների և ֆակուլտետային ՈՒԳԸ-ների նախագահները: ՈՒԳԸ գիտական խորհրդի նախագահը ՈՒԳԸ նախագահն է, որին ընտրում է ԵՊՀ գիտական խորհուրդը:
Ներկայում ՈՒԳԸ նախագահը Պատմության ֆակուլտետի հայցորդ Սիրանուշ Բաղումյանն է, քարտուղարը՝ Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ Էմմա Նոնինյանը:
ԵՊՀ ՈՒԳԸ կառուցվածքային սկզբնական օղակները, ըստ ՈՒԳԸ կանոնադրության, ֆակուլտետային ՈՒԳԸ-ներն են: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամ կարող են դառնալ բակալավրիատի առնվազն 2-րդ կուրսում սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրանտները և ասպիրանտները, որոնք ՈՒԳԸ կազմում ընդգրկվում են համապատասխան ամբիոնի վարիչի երաշխավորագրով: Այն ստանալու համար ֆակուլտետային ՈՒԳԸ նախագահը ուսանողին ներկայացնում է ամբիոնի վարիչին: ՈՒԳԸ օրինակելի անդամը պետք է ունենա բարձր առաջադիմություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու և կազմակերպչական հմտություններ, վայելի համակուրսեցիների և պրոֆեսորադասախոսական կազմի համակրանքը: Ֆակուլտետային ՈՒԳԸ անդամներն իրենց կազմից ընտրում են ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և քարտուղար, այնուհետև ընտրության արդյունքները պետք է հաստատի ֆակուլտետի գիտական խորհուրդը:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն ունի չորս մշտական հանձնաժողով՝
Արտաքին կապերի հանձնաժողով,
Տեղեկատվական հանձնաժողով,
Ընդհանուր հարցերի հանձնաժողով,
Թարգմանական հարցերի հանձնաժողով:
Հանձնաժողովների կազմը համալրվում է ՈՒԳԸ ստորաբաժանումների նախագահների կողմից ՈՒԳԸ մեկական անդամի առաջադրմամբ: