Ս.թ. մարտի 14-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը հյուրընկալեց Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Քրիստոֆ Զաֆերլինգին, Նյուրնբերգի միջազգային սկզբունքների ակադեմիայի ավագ խորհրդատուներ Կիրան Մոհանդաս Մենոնին և Գուրգեն Պետրոսյանին:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ֆակուլտետի գործունեության հիմնական ուղղությունները։ Կարևոր շեշտադրում արվեց ԵՊՀ-ի, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի սերտ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Նշենք, որ Գուրգեն Պետրոսյանի ջանքերով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը Նյուրնբերգյան դատախաղ-մրցույթի հիմնադիրներից է համարվում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում մասնագիտական քննարկումներ ծավալելու համար։ Հետագայում հնարավորություն կստեղծվի նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Նյուրնբերգի դասախոսների համար փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։
Գ․ Ղազինյանի ուղեկցությամբ հյուրերը կատարեցին ֆակուլտետային շրջայց, ծանոթացան ֆակուլտետի լսարաններին, Դատական նիստերի դահլիճին, Իրավաբանական կլինիկային, մասնագիտական գրականությամբ հագեցած ընթերցասրահին, համակարգչային կենտրոն-գրադարանին և այլն։
Ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու դոկտոր Քրիստոֆ Զաֆերլինգի դասախոսությանը՝ «Գերմանական քրեական իրավունքի միջազգայնացում» թեմայով։ Նա ուսանողներին ներկայացրեց միջազգային քրեական իրավունքի հիմնական հասկացությունները։
Հանդիպում-դասախոսությունը շատ սպասված էր և բովանդակալից։