Ս.թ. փետրվարի 25-26-ը արդարադատության ոլորտի մի շարք պրակտիկ մասնագետների մասնակցությամբ Հանքավան քաղաքում անցկացվել է «Անչափահասների գործերով նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման գործնական հիմնախնդիրները» թեմայով աշխատաժողով, որի նպատակն էր տեսաբաններին ու պրակտիկ մասնագետներին ծանոթացնել անչափահասների իրավունքների և արդարադատության ոլորտում ՀՀ օրենսդրության վերջին փոփոխություններին, քննարկել դրանց համապատասխան կիրառվող պրակտիկայի առանձնահատկությունները, բացահայտել անչափահասների իրավունքների իրացման պրակտիկայի բացերն ու դրանց հնարավոր կատարելագործման ուղիները:
Աշխատաժողովին ներկա էին ՀՀ իրավապահ մարմինների, դատական համակարգի և իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մասնագիտական ոլորտում անչափահասների իրավունքների և արդարադատության հետ կապված հիմնախնդիրները:
Ի թիվս մասնակիցների ներկայացրած կիրառման հիմնախնդիրների՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի հունվարի 10-ին կայացված թիվ ՏԴ2/0016/01/20 որոշումը, որում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մանրամասն վերլուծության է ենթարկել անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելու առանձահատկությունները՝ 2021 թվականին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումներին համապատասխան։
Քննարկումներից և մտքի փոխանակումներից հետո մասնակիցներն արձանագրել են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արձանագրությամբ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի հետ համեմատությամբ 2021 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում անչափահասների և 21 տարին չլրացած անձանց մասով, ի թիվս այլնի, սահմանվել են մի շարք հատուկ կանոններ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց նրանցից մի քանիսին.
– մինչև 16 տարին լրանալը հանցանք կատարած անչափահասի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն և առավելագույն ժամկետը կամ չափը չի կարող գերազանցել նույն օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված պատժի նվազագույն և առավելագույն ժամկետի կամ չափի մեկ երրորդը,
– անչափահասի նկատմամբ ոչ մեծ ծանրության հանցագործության համար, ինչպես նաև առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում, որը միջին ծանրության հանցանք է և զուգորդված չէ բռնությամբ՝ ազատազրկում չի նշանակվում,
– ինչպես անչափահասի, այնպես էլ 21 տարին չլրացած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նաև նրանց կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկան զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկություններն ու նրանց վրա այլ անձանց ազդեցությունը, իսկ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ ի թիվս այլնի, հանցավորի տարիքից բխող բարոյահոգեբանական առանձնահատկությունները, նրա կյանքի և դաստիարակության պայմանները,
– ինչպես անչափահասի, այնպես էլ 21 տարին չլրացած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանվող փորձաշրջանի ժամկետն է 1-ից 3 տարին։
Ներկայացվել են նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկա դիմած անչափահասների և/կամ նրանց խնամակալների կողմից առաջ քաշված հիմնական իրավական խնդիրները, որոնք, անձնական տվյալների պաշտպանությամբ, վերլուծության են ենթարկել ոլորտի պրակտիկ աշխատողները և բացահայտվել են դրանց լուծմանն ուղղված գործնական խնդիրները: Անդրադարձ է կատարվել «Իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակում հանրակրթական կրթօջախներ այցելությունների ժամանակ անչափահասներին հետաքրքրող հարցերի շրջանակին, հատկապես նրանց կրթության և աշխատանքի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը և դրանց իրացմանը: