Եվրոպայի խորհրդի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ հանդիպում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչների և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպումը կայացավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ս.թ. մայիսի 8-ին:
Հանդիպման առաջին հատվածում Մաքսիմ Լոնգանգը հանդես եկավ զեկույց-դասախոսությամբ: Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող միջոցառումների նպատակներից են ակադեմիական միջավայրում երիտասարդների հետ շփումները, որոնք նրանց հնարավորություն կընձեռեն ծանոթանալու խորհրդի անդամ երկրներում կազմակերպության դերին, գործառույթներին և աշխատանքին: Նա ընդգծեց, որ այդ նույն երիտասարդները հետագայում նաև հնարավորություն կունենան ներգրավվելու կազմակերպության աշխատանքներում:
Հանդիպման շրջանակում ուսանողներին մանրամասն ներկայացվեցին կազմակերպության կառուցվածքը, գործառույթները, ժամանակակից իրավական հիմնախնդիրները, միջազգային կազմակերպությունների դերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր հեռանկարները։ Այնուհետև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը կարևորեց նման հանդիպումները։ Նա ընդգծեց, որ հանդիպումը մասնավորապես արդյունավետ էր ուսանողների այն խմբի համար, որն այս պահին ուսումնասիրում է «Եվրոպական իրավունք» դասընթացը: Ըստ դեկանի՝ սա այս ձևաչափով առաջին հանդիպումն էր, որը կարելի է համարել ստացված․ ապագա համագործակցության ուղիներն այսօր երկու կողմերի համար էլ դարձան առավել տեսանելի: