Ս.թ. հոկտեմբերի 24-27-ը Ազգային հետազոտությունների համալսարանի (ՌԴ, Մոսկվա) Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի կոմպյուտերագիտության ֆակուլտետում կայացել է «Տվյալների անալիտիկա և ղեկավարում տվյալների ինտենսիվ տիրույթներում» («Data Analytics and Management in Data Intensive Domains») խորագրով միջազգային 25-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակում ԵՊՀ-ն ներկայացրել է Տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մանուկ Մանուկյանը:
Կոնֆերանսը գիտության և հետազոտությունների տարբեր ոլորտների հետազոտողների և պրակտիկանտների համար նախատեսված մուլտիդիսցիպլինար ֆորում էր, որն ուղղված էր համագործակցության ամրապնդմանը և գաղափարների փոխանակմանը տվյալների վերլուծության և ղեկավարման ոլորտում` հենվելով տվյալների ինտենսիվ տիրույթների վրա: Կոնֆերանսի նպատակն էր խթանել հետազոտությունների արագ զարգացումը, դրանց արդյունավետության բարձրացումը տվյալների ինտեսիվ տիրույթներում տվյալների վերլուծության և ղեկավարման մեթոդների կատարելագործման հաշվին: Ենթադրվում է, որ նման հետազոտությունները կբերեն տվյալների վերլուծության ընդհանրական մեթոդների և տեղեկատվական համակարգերի կառուցման կորպորատիվ մշակույթի ձևավորմանը:
Կոնֆերանսի ժամանակ դոցենտ Մ. Գ. Մանուկյանը ներկայացրել է «Conceptual Data Model: Concept, Formal Bases, and Implementation Issues» հոդվածը (ելույթի ամբողջական տեսանյութը հնարավոր է գտնել այստեղ): Այդ հոդվածում առաջարկվել է տվյալների ընդլայնվող կոնցեպտուալ մոդել, մշակվել է կոնցեպտուալ մակարդակի հաշվողական լրիվ լեզու և կոնցեպտուալ էությունների կառուցման հանրահաշվական մոտեցում` ապահովելով կոնցեպտուալ մակարդակի տերմիններով տվյալներին դիմելու և ղեկավարելու հնարավորություն:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Մ. Գ. Մանուկյանը շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է՝ ռելացիոն տվյալների բազաների տեսության, տվյալների բազաների համակարգերի, կոնցեպտուալ տվյալների մոդելների, մեծ տվյալների, տվյալագիտության ուղղությամբ, զեկուցումներով է հանդես եկել միջազգային հեղինակավոր կոնֆերանսներում («European Conference on Advances Databases and Information Systems», «International Conference on Data Analytics and Management in Data Intensive Domains», «International Conference on Information Integration and Web-based Applications & Services», «First Workshop on Programming in Semantic Web in Conjunction with the 11th International Semantic Web Conference»): 2006 թվականից նա եվրոպական ամենամյա կոնֆերանսի («European Conference on Advances Databases and Information Systems») ղեկավար մարմնի անդամ է և բազմիցս ընտրվել է այդ կոնֆերանսի ծրագրային կոմիտեի անդամ: