ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Կիմի Շուքուրյանը հրավիրվել և զեկույցով հանդես է եկել «Մեքենայական ուսուցում և խելացի համակարգեր» (Machine Learning and Intelligent Systems -MLIS) միջազգային գիտաժողովին։
Այն ամեն տարի կազմակերպում է Թունկու Աբդուլ Ռահմանի համալսարանը (Tunku Abdul Rahman University)՝ Չինաստանի Մակաո քաղաքի Ազգային Դոնգ Հվա (National Dong Hwa University), Քեմյուն (Keimyung University) և Հուաքյայո (Huaqiao University) համալսարանների աջակցությամբ։
Գիտաժողովին ներկայացվել է «Վերլուծության գործիքակազմ՝ բազմաչափ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների արհեստական բանականության հետ կապված կիրառությունների համար (Analytics for AI related applications of multidimensional multitape finite automata) վերնագրով գիտական հոդվածը, որի համահեղինակներն են ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Տիգրան Գրիգորյանը և Տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասպիրանտ Սևակ Ամիրխանյանը:
MLIS առաջին գիտաժողովը կայացել է 2019 թ․, իսկ 2023 թ․ նոյեմբերի 17-20-ին կազմակերպվել է 5-րդը։ Գիտաժողովի աշխատությունները տպագրվում են «IOS Press» հրատարակչության «Արհեստական բանականության և կիրառությունների սահմանները» գրքերի շարքում և ընդգրկվում են «SCOPUS» ու այլ շտեմարաններում։
MLIS գիտաժողովը գումարվում է որպես հարթակ մեքենայական ուսուցման և խելացի համակարգերի ոլորտում ամենաթարմ գիտական և տեխնոլոգիական առաջընթացների հետ կապված գիտելիքների փոխանակումն ապահովելու, համապատասխան ոլորտներում գիտական կապեր ստեղծելու ու զարգացնելու համար: MLIS կոնֆերանսը ներառում է հրավիրված ելույթներ, հիմնական ելույթներ, պաստառների շնորհանդեսներ և բանավոր ներկայացումներ:
Գիտաժողովին ներկայացված ԵՊՀ մասնագետների հոդվածը նվիրված է հետևյալ հարցերի դիտարկմանը. 1980 թ․ ներմուծված ազատ մասնակի կոմուտատիվ մոնոիդում տարրի հատուկ երկուական ներկայացումը/կոդավորումը հաջողությամբ օգտագործվել է որպես հիմք՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների (MFA) և դրանց ընդլայնման՝ բազմաշերտ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների (MMFA) հետ կապված մի շարք, երկար ժամանակ չլուծված խնդիրների արդյունավետ՝ բազմանդամային բարդություն ունեցող լուծման համար։ Այդ արդյունքները գրախոսվել և տպագրվել են հեղինակավոր գիտական հանդեսներում: Բացի դրանից՝ կոդավորման դիտարկումը հանգեցնում է ազատ մասնակի կոմուտատիվ մոնոիդներում կոմուտատիվության դասերի այլընտրանքային բնութագրման։ Վերջինս, համեմատած հայտնի պրոյեկցիայի լեմմայից բխող բնութագրման հետ, թույլ է տալիս ալգորիթմիկ ավելի փոքր բարդությամբ ստուգելու հետքերի հավասարությունը որոշակի թվից ավելի երկար կամ երկուսից ավելի տառ պարունակող այբուբենների դեպքում: Նշված կոդավորման հիման վրա սահմանվել են կանոնավոր արտահայտություններ MFA և MMFA լեզուների համար, ինչպես նաև առաջարկվել է այդ արտահայտություններից բաղկացած գծային հավասարումների համակարգերի լուծման եղանակ: Արհեստական բանականության հետ կապված մի շարք կիրառությունների համար ակնարկվում է կառուցված վերլուծողական գործիքակազմի օգտագործումը:
Բացի բաշխված հաշվարկների ամենապարզ մոդել լինելուց՝ այս մոդելը նաև թույլ է տալիս ավտոմատների մուտքերին ուղարկել տառերի ոչ «կարծրացած» հաջորդականությունները: Այլ բառերով ասած՝ ավտոմատների տարբեր ժապավեններից ընթերցված տառերի հերթականությունը կարևոր չէ, այսինքն՝ մուտքային այբուբենի որոշ տառեր կոմուտատիվ են՝ տեղափոխելի են միմյանց նկատմամբ: Ստացված արդյունքներից հետևում է, որ յուրաքանչյուր կանոնավոր բազմության համար, այսինքն՝ բառերի կարգավորված հավաքածուների բազմության համար, որն ընդունված է դետերմինացված բազմաշերտ բազմաժապավեն վերջավոր ավտոմատի կողմից, կա արտապատկերում էվկլիդեսյան տարածության որոշակի կետերի բազմության վրա: Այսպիսով՝ հնարավոր է ունենալ որոշակի գրաֆիկական պատկեր տվյալ կանոնավոր բազմության համար: Մեկ այլ առավելություն է ներմուծված կանոնավոր արտահայտությունների համար կախվածությունների ներկայացումը գծային հավասարումների համակարգերի միջոցով:
Նշենք, որ պրոֆեսոր Շուքուրյանը հեղինակել է 100-ից ավելի գրախոսված հրապարակումներ, որոնք տպագրվել են մասնագիտական հեղինակավոր հանդեսներում, ունի 12 ԱՄՆ-ի և 1 ՌԴ-ի արտոնագրեր, բազմիցս հանդես է եկել զեկուցումներով, այդ թվում՝ հրավիրված զեկուցումներով ՏՏ բնագավառի բարձր ազդեցություն ունեցող միջազգային կոնֆերանսներում և այլ գիտաժողովներում։ Նա հրավիրված դասախոսություններով հանդես է եկել ամերիկյան, գերմանական, ֆրանսիական, իտալական և իսրայելական մի շարք համալսարաններում, ղեկավարել միջազգային դրամաշնորհային բազմաթիվ ծրագրեր: Նրա ընթացիկ հետազոտությունները վերաբերում են էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորման ու վերանորոգման, բաշխված համակարգերի ֆորմալ մոդելների վերլուծության, օպտիմիզացիայի ու սինթեզի, վիրտուալ միջավայրներում մուլտիմեդիա տեղեկատվական տեխնոլոգիաների ճարտարապետության հարցերին։