Ս.թ. հուլիսի 10-ին տեղի է ունեցել ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի՝ 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառման կազմակերպիչն էր Ֆարմացիայի ինստիտուտի դասախոս-փորձագետ Անի Չախոյանը, որը, շնորհավորելով դեղագետներին դիպլոմների ստացման կապակցությամբ, մաղթեց նրանց լավագույնս ծառայեցնել ստացած գիտելիքները՝ լինելով դեղի գիտակ։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի ժ․պ․ Սամվել Վարդապետյանը, ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին, հաջողություն մաղթեց նրանց մասնագիտական հետագա կյանքում: Ս․ Վարդապետյանը հիշեցրեց, որ Ֆարմացիայի ինստիտուտի դռները մեր շրջանավարտների համար միշտ բաց են, և հորդորեց պահպանել համալսարանական պատերի ներսում ձեռք բերված ընկերությունը։
Շրջանավարտների անունից ելույթներով հանդես եկան կուրսերի ավագները՝ փաստելով, որ Ֆարմացիայի ինստիտուտում դեղագետները շատ լավ կրթություն են ստանում, ինչը նրանց մրցունակ է դարձնում միջազգային աշխատաշուկայում:
Դիպլոմների հանձնման արարողությունից առաջ կարճ տեսահոլովակով ցուցադրվեց շրջանավարտների ուսանողական կյանքը, որն անչափ հուզել էր և՛ ուսանողներին, և՛ դասախոսներին։
Դիպլոմները հանձնելուց հետո տեղի ունեցավ մագիստրոսների համար կազմակերպված դեղագետի երդման արարողությունը։ Բացի դրանից, ԵՊՀ շրջանավարտների համայնքի ստեղծմամբ պայմանավորված, մագիստրատուրայի շրջանավարտները, թերթիկների վրա գրելով իրենց նպատակները, գցեցին դրանք «Հուշերով լի գինի» շշի մեջ, որը նախատեսված է բացվելու 10 տարի անց և մեկ հարկի տակ հավաքելու այդ տարվա շրջանավարտներին։
Սիրելի՛ շրջանավարտներ, ևս մեկ անգամ շնորհավորում ենք դիպլոմների ստացման կապակցությամբ։ Դուք եք մեր խոստումնալից ապագան, և թող ձեր մասնագիտական ուղին լինի արդյունավետ և արգասաբեր: