ՀԱՆԴԻՊՈՒՄ ԴՈՒԲԱՅԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԴՈԿՏՈՐԻ ՀԵՏ ԵՊՀ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ս.թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին հյուրընկալել էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) Հայաստան ժամանած Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը։ ԵՊՀ ՄԿԶԿ տնօրեն պրոֆ․ Նազիկ Հասությունյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ շատ արժեքավոր են նման հանդիպումները և հանդիսանում են համագործակցության նոր նախաձեռնությունների հնարավորություն։ Այնուհետև խոսքը տրվեց հյուրին՝ Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդին, ով հանդես եկավ հետաքրքիր դասախոսությամբ՝ «Կրթական քաղաքականությունը բևեռացված աշխարհում» թեմայով։ Դասախոսությանը մասնակցում էին նաև ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ բ․գ․ թ․ դոցենտ Ռուզաննա Ղազարյանը, ամբիոնի դասախոս, բ․գ․թ թեկնածու, ասիստենտ Իշխան Դադյանը, ինչպես նաև այդ ֆակուլտետի ուսանողներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը և ԵՊՀ Անգլիական բանասիրության ամբիոնի դոց․, բ․գ․թ․, Լեզուների ուսուցման «Universe» կենտրոնի փոխտնօրեն Իրինա Վարդանյանը։
Բանախոս Սոլոմոն Դեյվիդի դասախոսության հայերեն թարգմանությունն ապահովեց Իշխան Դադյանը, ում շնորհալի թարգմանությամբ մեծ լսարանի համար հասանելի դարձավ հարգարժան դոկտորի խոսքը։ Իր ելույթում Սոլոմոն Դեյվիդը Կենտրոնի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացրեց գլոբալ աշխարհում կրթական քաղաքականության դրվածքը, փոփոխությունների միտումներն ու ռազմավարական արդի վեկտորները։ Նա հավելեց, որ, չնայած կրթության իրավունքի իրացման գործընթացում արձանագրված հսկայական ձեռքբերումներին, այնուամենայնիվ, աշխարհը բևեռացված է, և կրթական քաղաքականության տարբեր մոդելներ են գործում՝ ոչ համաչափ դարձնելով կրթական քաղաքականության դրվածքն ամբողջ աշխարհում։ Կրթական շահեկան մոդելների առավելությունների հիման վրա են ձևավորվում առավել կատարելագործվածները, որոնք համապատասխանեցվում են ժամանակի պահանջներին։ Ավարտին բուռն քննարկում ծավալվեց բանախոսի և լսարանի միջև, տրվեցին հարցեր, որոնք հետաքրքրում էին ուսանողներին և դասախոսներին։ Քննարվող հարցադրումների թվում էին նաև՝ կրթական ռազմավարությունների պլանավորման գործընթացը, կրթական քաղաքականության իրականացման մեխանիզմները, թույլ և ուժեղ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը։ Այնուհետև մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆ․ Ն․ Հարությունյանը հուշանվեր ընծայեց բանախոս հյուրին և հույս հայտնեց հետագա համագործակցության, ինչին սիրով արձագանքեց Դուբայի Բրիտանական համալսարանի դոկտոր Սոլոմոն Դեյվիդը։