Երևանի պետական համալսարանի Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մանկավարժության ամբիոնի դասախոսների համար շարունակվում է աուտիզմի հիմնախնդիրներին առնչվող մասնագիտական վերապատրաստման դասընթացը, որի շրջանակում «Վարքի խրախուսման և պատժի ձևերը» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, հոգեբան, միջազգային որակավորում ունեցող վարքային վերլուծաբան Նարինե Վարդանյանը։
Բանախոսը մասնակիցներին փոխանցեց տեսական և պրակտիկ գիտելիքներ, տիպական օրինակների, թեմատիկ տեսաֆիլմերի միջոցով ներկայացրեց մանրամասներ աուտիզմ ունեցող երեխայի վարքի դրսևորման պատճառականության, ոչ ադապտիվ վարքի մեխանիզմների, վարքային կոնտրաստների մասին՝ քննարկելով աուտիկ երեխայի վարքը կառավարելու բարդություններն ու հարակից հարցեր։
Բանախոսության ընթացքում անդրադարձ եղավ դրական և բացասական խրախուսանքին, դրական և բացասական պատժի տեսակներին, բնական ուսուցման ռազմավարություններին, փոքր քայլերով ուսուցման տեխնիկային։ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Ն․ Հարությունյանը, կարևորելով զեկուցման թեման ու բանախոսությունը, հանդիպումը համարեց անհրաժեշտ և ուսուցողական։
Նշենք, որ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում վերապատրաստումների վերջին դասընթացը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 3-ին։ Վերապատրաստումներն անցկացվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։