ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում մանկավարժության ամբիոնի դասախոսների համար վերապատրաստման դասընթացի շրջանակում «Ռեսուրսային դասարան» թեմայով մասնագիտական ամփոփիչ դասախոսությամբ հանդես եկավ «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, հոգեբան, միջազգային որակավորում ունեցող վարքային վերլուծաբան Նարինե Վարդանյանը։
Դասախոսության ժամանակ նա անդրադարձավ ռեսուրսային դասարանի կարևորությանը աուտիկ երեխայի հետ տարվող ներառական աշխատանքների կազմակերպման, համակարգման, արդյունավետության տեսանկյունից, ներկայացրեց նախնական, ընթացիկ գնահատումը, ախտորոշման գործիքակազմը, արդյունքների պարբերական սանդղակավորումը՝ ընդգծելով երեխայի, ծնողների, դպրոցի անձնակազմի հետ տարվող աշխատանքների համաժամանակյա և միասնական անցկացման անհրաժեշտությունը։
«Ռեսուրսային դասարան» խորագրով դասախոսությունն ուղեկցվում էր սահիկաշարով, թեմատիկ ֆիլմերով, պրակտիկ օրինակներով և թեմայի շուրջ քննարկումներով։
Բանախոսը պատասխանեց նաև դասախոսներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին աուտիկ երեխայի հետ տարվող ներառական աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին և հարակից այլ հարցերի։
Վերապատրաստումների ամփոփիչ դասախոսության ավարտին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, բարձր գնահատելով Նարինե Վարդանյանի անցկացրած վերապատրաստման դասընթացը, ընդգծեց «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի դասախոսների համար նմանօրինակ վերապատրաստումների կարևորությունը մասնագիտական զարգացման տեսանկյունից։
Հավելենք, որ վերապատրաստման դասընթացը կազմակերպվեց ԵՊՀ ՄԿԶԿ և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։