ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ՄԿԶԿ) դասախոսներ, մ․գ․թ., դոցենտ Լուսինե Հայրապետյանը, մ․գ․թ., դոցենտ Մերի Ավետիսյանը, Վիկտորյա Բաղդասարյանը, Անահիտ Խլոպուզյանը և Մանե Ալեքսանյանը ս․թ․ հոկտեմբերի 27-29-ը եռօրյա աշխատանքային այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում էին։ Այցի նպատակն էր Վիրահայոց թեմի դպրոցներում և նախակրթական հաստատություններում ուսումնասիրել կրթության կազմակերպման գործընթացը, վարպետության դասերով սովորողների մոտ խթանել մայրենիի և հայոց պատմության հանդեպ սերը, ինչպես նաև մանկավարժական խորհրդատվությամբ օգնել հայ համայնքում գործող դպրոցների ուսուցիչներին, մշակութային կենտրոնների ներկայացուցիչներին:
Meeting with the president of the NGO "Union of Armenians of Virah"
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսական կազմը Թբիլիսիում հանդիպում ունեցավ «Վիրահայերի միություն» ՀԿ-ի նախագահ Մարի Առաքելովայի հետ: Հանդիպման ժամանակ նա ամփոփ ներկայացրեց Վրաստանում հայ համայնքի կյանքը, մտահոգությունները, իրենց հիմնադրած միության հայապահպան առաքելությունն ու գործունեությունը՝ ընդգծելով հասարակական կազմակերպությունների, հայկական դպրոցի, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի համատեղ աշխատանքի և անելիքների կարևորությունը Վրաստանում ապրող հայերի շրջանում։
ԵՊՀ պատվիրակությունը հնարավորություն ունեցավ «Վիրահայերի միություն»-ում հանդիպելու և մտքեր փոխանակելու հայ համայնքի կրթամշակութային գործունեությամբ զբաղվող կանանց հետ։ ԵՊՀ ՄԿԶԿ դոցենտ Լուսինե Հայրապետյանը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի կողմից միության նախագահ Մարի Առաքելովային նվիրեց «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտամեթոդական հանդեսի համարներ։ Մարի Առաքելովան բարձր գնահատեց ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի նախաձեռնությունը՝ շեշտելով, որ նմանօրինակ համագործակցության արդյունքում նոր գաղափարներ և մտահղացումներ են ծնվում՝ ի նպաստ աշխատանքների արդյունավետության բարձրացման։
Master class at "Hayartun" educational, cultural and youth center
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ներկայացուցիչները գործուղման շրջանակում այցելեցին Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն։ «Հայարտուն» կենտրոնը ծավալում է ազգանվեր և բեղուն գործունեություն՝ նպաստելով հայոց լեզվի պահպանմանը, պետական, եկեղեցական տոների նշանավորմանը, ազգային ավանդույթների և ծեսերի վերարժևորմանը, հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը։ Կենտրոնի ղեկավար, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի հետ կայացավ հանդիպում, որի ժամանակ քննարկվեցին կրթության ոլորտին վերաբերող հարցեր։ Հայ արվեստի տունն իր հարկի տակ է համախմբում հայ մանուկներին, պատանիներին և երիտասարդներին, շաբաթ և կիրակի օրերին «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաների վերաբերյալ կազմակերպում լրացուցիչ դասընթացներ՝ նվիրվելով կիրակնօրյա դպրոցի հայանպաստ աշխատանքների կազմակերպմանը։
ԵՊՀ դասախոսները մասնակցեցին կենտրոնի կազմակերպած դասին, ծանոթացան բազմավաստակ ուսուցիչ Թամարա Գաբոյանի հետ, լսեցին նրա մտահոգությունները հայերենի ուսուցման վերաբերյալ, ուսումնասիրեցին դասագրքերը։ «Հայարտուն» այցելած տարիքային տարբեր խմբերի երեխաների համար դոցենտ Լուսինե Հայրապետյանը վարպետաց բաց դաս անցկացրեց, որի ժամանակ ներկաները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց գիտելիքները, հմտություններն ու կարողությունները։ Կենտրոնն ունի նախակրթարան, որտեղ հաճախում են նախադպրոցական տարիքի երեխաներ։ Գործում է նաև դուդուկի ուսուցման դասարան։
Familiar visit to the house-museum of the Armenian poet Hovhannes Tumanyan
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսական պատվիրակությունը եռօրյա գործուղման շրջանակում Թբիլիսիում այցելեց նաև ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ նրանց հյուրընկալեց թանգարանի գիտաշխատող Գոհար Մազմանյանը՝ ներկայացնելով մշակութային հաստատության հայապահպան գործունեությունը։
Այնուհետև դասախոսներն այցելեցին Թբիլիսիի «Կովկասյան համալսարան», որտեղ հանդիպեցին բուհի ուսումնական վարչության պետի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին կրթագիտական ոլորտին առնչվող հարցեր, նախանշվեցին նոր անելիքներ։
Meeting with Bishop Davtyan, leader of the Armenian Diocese of the Armenian Diocese
Վիրահայոց թեմի Առաջնորդարանում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դասախոսներին ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը։ Սրբազանի հետ զրույցի առանցքային թեման դասախոսների եռօրյա այցելության ժամանակ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված մտահոգություններն էին։ Սրբազան հայրը փաստեց, որ Վիրահայոց թեմի կառույցների ակտիվ աշխատանքը միտված է ազգային ինքնության, հայոց լեզվի և հավատքի պահպանմանն ու ամրապնդմանը։
Հանդիպմանը ներկա դասախոսները Սրբազանին ներկայացրին ՄԿԶԿ կրթական ծրագրերը, խոսեցին տպագրվող «Կրթությունը 21-րդ դարում» միջազգային գրախոսվող գիտամեթոդական հանդեսի աշխատանքներից, ինչպես նաև Սրբազանին հանձնեցին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի փոխանցած «ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 100-ամյա անցած ուղին» խորագրով գիրքը։