ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում «Արվեստի մանկավարժություն» դասընթացի շրջանակում կազմակերպվեց բինար դասախոսություն, որին մասնակցեցին «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատի կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողները։
Բինար դասախոսությունը վարեցին կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանը և Լոս Անջելեսում բնակվող նկարչուհի, նեյրոգրաֆիկայի մասնագետ Ռուզաննա Դեմիրչյանը (առցանց տարբերակով)։
Նկարչուհին ուսանողներին ներկայացրեց իր անհատական փորձը, ծանոթացրեց նեյրոգրաֆիկայի հիմունքներին, ուսանողների հետ կատարեց «Շնորհակալության շրջանները» տեխնոլոգիան, որին սիրով ներգրավվեցին նրանք։ Մասնագետը վարպետաց դասին ուսանողների համար նկարելով բացատրեց նեյրոգծեր ստեղծելու, մարդու մտքերի հետ տարվող աշխատանքի միջև եղած կապը։
Լուսինե Հայրապետյանը զուգահեռներ տարավ արվեստի մանկավարժության մեջ կիրառվող նկարելու տեխնիկաների հետ։ Դուրս բերվեցին նկարչաթերապիայի և նեյրոգրաֆիկայի միջև տարբերություններ և նմանություններ։ Դասախոսությանը ներկա ուսանողները հնչեցրին հուզող հարցերը, ցուցադրեցին իրենց նկարած նկարները և մասնագետներից ստացան խորհուրդներ։
Կարևորելով նմանօրինակ դասախոսության նշանակությունը՝ ուսանողները շեշտեցին, որ նկարելը՝ հուզական շտկման, հոգեկարգավորման մեխանիզմների հետ աշխատելու նկարչական տեխնիկան, մեծ հետաքրքրություն առաջացրեց, և դասը իրենց՝ որպես ապագա մանկավարժների ստեղծագործական ներուժի զարգացման ու արտահայտման տեսանկյունից արդյունավետ էր։