Information Systems Development
Master's programme
«Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական ծրագիրը բազմամյա կրթական ծրագիր է՝ հարմարեցված ոլորտի ժամանակակից պահանջներին: «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական ծրագրի հիմքում 1999-2007 թթ․ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ալգորիթմական լեզուների ամբիոնում գործած «Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում» մագիստրոսական ծրագիրն է: Այն ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնում 2008-2016 թթ. գործող համանուն մագիստրոսական ծրագրի հետագա կատարելագործման արդյունքն է: Ծրագիրը մշակվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
Ծրագիրը համապատասխանեցված է հետևյալ ծրագրերին.
- Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի «Фундаментальная информатика и информационные технологии» մագիստրոսական ծրագիր,
- Կիևի պետական համալսարանի «Теория и технология программирօвания» ծրագիր,
- Ստանֆորդի համալսարանի «Computer Science» ծրագիր,
- Գերմանիայի Քիլի (Kiel) համալսարանի «Information Systems» մագիստրոսական ծրագիր։
Ծրագրի դիմորդ կարող է լինել բնագիտական որևէ մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ ունեցող ցանկացած անձ, որն ունի կոմպյուտերագիտությանն առնչվող առարկաների բավարար իմացություն, ծրագրավորման որոշակի փորձ, անգլերենի իմացություն՝ եվրոպական լեզվական առնվազն A2 մակարդակով:
Կրթական ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրելու տեղեկատվական համակարգերի մշակման համար անհրաժեշտ գիտելիքներ և իմացություն (կոմպյուտերագիտության տեսական հիմունքների իմացություն, առարկայական տիրույթի վերլուծություն, որոշումների կայացում), գործնական մասնագիտական կարողություններ (տեղեկատվական համակարգերի ներդրում, նոր կիրառությունների մշակման ուղղորդում), ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում (տեղեկատվության տարատեսակ աղբյուրների օգտագործում, ստացած գիտելիքների ստեղծագործաբար կիրառում, ռեսուրսների պլանավորում, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում):
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի պարզաբանելու կոմպյուտերագիտության տեսական հիմունքները, ձևակերպելու պրոցեսների նախագծման և իրականացման սկզբունքները, ստեղծելու տեղեկատվական համակարգեր, կառուցելու տվյալների բազաներ, մասնակցելու համակարգային ծրագրերի մշակման աշխատանքների, նախագծելու և թեստավորելու թվային սխեմաներ, կառուցելու Web դինամիկ և ցանցային կիրառություններ, պատրաստելու գիտական հոդվածներ, զեկուցումներ, վարելու գիտական բանավեճեր:
«Տեղեկատվական համակարգերի մշակում» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՏՏ ոլորտում գործող ձեռնարկություններում, կրթական հաստատություններում` որպես կոմպյուտերագիտության բնագավառի առարկաներ դասավանդող մասնագետ, ՏՏ ոլորտի ընկերություններում՝ որպես համակարգեր նախագծող և մշակող, տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ կամ համակարգեր մշակող խմբի ղեկավար։
Վերջին տասը տարիների տվյալները փաստում են, որ ծրագրի շրջանավարտներն անցնում են աշխատանքի իրենց մասնագիտությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ծրագրի լավագույն շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ-ի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Հայ-ռուսական համալսարանի և գիտակրթական այլ հաստատությունների ասպիրանտուրայում:
Contacts
(+374 60) 710 044, (+374 91) 782 396
elena@ysu.am