Կարևորելով ֆրանսերենն ու Ֆրանսիայի մշակութային արժեքները՝ ամեն տարի Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի կրթական բոլոր հաստատություններում տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվում: Ֆրանկոֆոնիայի երկամսյակը ԵՊՀ-ում նույնպես տոն դարձավ Ֆրանսիական բանասիրության ամբիոնի կողմից կազմակերպված յուրօրինակ մշակութային ծրագրի շնորհիվ: Ծրագիրը բազմաժանր էր՝ քննարկումներ, պրոֆեսորադասախոսական կազմի համար նախատեսված վերապատրաստումներ (որոնք անցկացրին Ֆրանսիայի մի քանի համալսարանների դասախոսներ), թատերական ներկայացումներ, շնորհանդեսներ և այլն:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների բացման արարողությունը նշանավորվել է Ֆրանսիական բանասիրության ամբիոնի «Ֆրանսերեն լեզու, անգլերեն լեզու և հաղորդակցություն» կրթական ծրագրի ուսանողների մասնակցությամբ «Ոճային վարժություններ» ստեղծագործության թատերական ներկայացումով:
Ս.թ. ապրիլի 4-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանում տեղի է ունեցել բ.գ.թ., դոցենտ Շ. Թամրազյանի «Մալաքիտե կրիան» պատմվածքների և բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Ս.թ. ապրիլի 28-ին Ֆրանսիական բանասիրության ամբիոնի և «ԳլոբալՄեդ» միջազգային գիտահետազոտական ցանցի հետ համագործակցության շրջանակում կազմակերպվել էր «Կիլիկյան Հայաստանը և միջերկրածովյան աշխարհը ժամանակային և տարածական ընկալումներում» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր պատմական գիտությունների թեկնածու Զոհրաբ Գևորգյանը: Դասախոսությունը Կիլիկյան Հայաստանի օրինակով Վերածննդի դարաշրջանում Միջերկրական ծովի ավազանում ժամանակի և տարածական ընկալումների փոխակերպումների վրա քաղաքական, տնտեսական և մշակութային հաղորդակցության ազդեցության մասին էր։ Անդրադարձ է կատարվել ծովային առևտրային ուղիների միջոցով Միջերկրական աշխարհում և դրանից դուրս՝ մեծ հեռավորության վրա գտնվող տարածքների միջև հաղորդակցության ուժեղացմանն ու տեղեկատվական հոսքերի արագացմանը, տեխնոլոգիաների փոխներթափանցմանը, ժամանակի ամենազարգացած ֆինանսատնտեսական հարաբերություններում՝ միջերկրածովյան առևտրային համակարգում Կիլիկյան Հայաստանի ներգրավվածությանը։
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ամբիոնի դասախոսների համար վերապատրաստումներ և դասախոսություններ են անցկացրել Լիլի և Բեզանսոնի Ֆրանշ Կոնտե համալսարանների (Ֆրանսիա) դասախոսները:
«Ֆրանսերենը՝ որպես օտար լեզու» թեմայով վերապատրաստման դասընթաց է անցկացրել Լիլի համալսարանի պրոֆեսոր Էմիլի Կազազյանը:
Հեռավար ձևաչափով «Միջմշակութայնությունը և ֆրանսերենը՝ որպես օտար լեզու» թեմաներով դասախոսություն է կարդացել Բուխարեստի քոլեջի պատմության և աշխարհագրության դասախոս Էրիկ Բլեբլեն:
«Միջմշակութային հաղորդակցություն» թեմայով դասախոսություն են ներկայացրել Բեզանսոնի Ֆրանշ Կոնտե համալսարանի դասախոսներ Ֆրեդերին Սպանյոլին և Ռուդի Շոլեն:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնում մեծ տեղ է հատկացվում թարգմանական գործին: Կարևորելով ֆրանսիական երկերի հայերեն թարգմանությունների դերը՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում «Զանգակ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպվել է ժամանակակից հեղինակների թարգմանության խնդիրների շուրջ քննարկում: Հանդիպումը նվիրված էր Աննա Գավալդայի «Ensemble, c'est tout» գրքի քննարկմանը, որը ֆրանսերենից հայերեն է թարգմանել ամբիոնի դասախոս Թ. Բլբուլյանը:
Քննարկման ընթացքում ֆրանսիական բանասիրության ամբիոնի ուսանողներն ընթերցել են գրքից որոշ հատվածներ և անցկացրել քննարկումներ: Գրքի քննարկումն ավարտվել է ֆրանսիական շանսոնի մի քանի կատարումներով:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ակտիվ գործունեություն է ծավալել նաև ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբը:
Ֆրանկոֆոնների ակումբը ձևավորվել է 2017 թ.: Ակումբի նպատակն է ստեղծել հայ-ֆրանսախոս ուսանողների համայնք, զարգացնել ֆրանսերեն խոսքը, լսողական հասկացողությունը, կազմակերպել հանդիպումներ ֆրանսիացի և ֆրանկոֆոն մշակութային գործիչների հետ:
Ս.թ. մայիսի 18-ին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Չարենցի անվան դահլիճում Ֆրանսիական բանասիրության ամբիոնի և ԵՊՀ ֆրանկոֆոնների ակումբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել France Culture արտադրության Դարյա Ժյումելի և Կոնստան Լեոնի «Հայ զինվորի դիմանկարը» վավերագրական փոդքասթի լսումը։ Փոդքասթում երիտասարդ վետերանները խոսում են այնպիսի կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են պատերազմի հետևանքները, պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցություն ցույց տալու ձևերը։
Բացի ամեն շաբաթ անցկացվող հանդիպումներից՝ Ֆրանկոֆոնների ակումբի ջանքերով կազմակերպվել են նաև հանդիպումներ ֆրանսիացի և ֆրանկոֆոն մշակույթի գործիչների և համալսարանականների հետ: Այդ հանդիպումներից էր դասախոս, երգչուհի և արտիստ Իրիս Մունոսի հետ կազմակերպված քննարկումը: Ակումբի անդամների հետ նա խոսել է իր անցած ճանապարհի, սիրելի երգիչների՝ Սերժ Գենսբուրգի և Ժաք Բրելի մասին:
Հանդիպում է տեղի ունեցել նաև ԷՍՖԱՄ մագիստրոսական ծրագրի շրջանակում Բուլղարիա մեկնած ուսանողներ Մարիետա Մկրտչյանի և Հայկուհի Հովսեփյանի հետ: Նրանք ներկայացրել են ծրագրի մանրամասները և խոսել արտասահմանում սովորելու առավելությունների և դժվարությունների մասին: Այնուհետև նույն թեմայի շուրջ խոսել է Ստրասբուրգի համալսարանի ուսանող Դիանա Ալեքսանյանը: