ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոսներ Լիաննա Բաղդասարյանը և Կարոլինա Խաչատրյանը ս.թ. հուլիսի 24-ից օգոստոսի 5-ը մասնակցել են Նիցցա քաղաքի (Ֆրանսիա) «Ֆրանկոֆոնիա» վերապատրաստման կենտրոնի կազմակերպած «Ֆրանսերենը որպես օտար լեզու» խորագրով դասախոսների վերապատրաստման երկշաբաթյա ծրագրին: Ողջ տարվա ընթացքում «Ֆրանկոֆոնիան» ֆրանսերեն դասավանդողների համար առաջարկում է նորարարությամբ, միջմշակութայնությամբ և մանկավարժական մեթոդաբանությամբ որակյալ վերապատրաստման դասընթացներ, որոնք դասավանդողներին հնարավորություն են տալիս համատեղելու իրենց փորձը և խորացնելու մանկավարժական պրակտիկան դասընթացների, տարատեսակ կոնֆերանսների միջոցով՝ միաժամանակ բացահայտելով Ֆրանսիական Ռիվիերայի բացառիկ միջավայրը:
«Ֆրանկոֆոնիայի» վերապատրաստման դասընթացների կարևորագույն մասն է ամառային համալսարանը, որն անցկացվում է հուլիս և օգոստոս ամիսներին: Այս տարի շուրջ 40 երկրների ֆրանսերեն դասավանդողներ հավաքվել էին Ֆրանսիայի «բացօթյա լսարանում»` Նիցցա քաղաքում՝ մանկավարժական բացառիկ փորձով փոխանակվելու:
Ամբիոնի դասախոսները մասնակցել են մասնագիտական 4 դասընթացների: Դասընթացավարները տարբեր երկրներից էին` Կանադա, Բրազիլիա, Ավստրիա և այլն:
Դասընթացներից հատկանշական էին կանադացի վերապատրաստողներ Կարոլին Ղուի «Les albums jeunesse en classe de FLE»-ը և Մարկ-Ալբեր Պաքետի՝ «Interagir dans le plaisir dans la classe de langue de français»-ը: Երկու դասընթացներն ունեին մեկ հիմնական նպատակ` ցույց տալ՝ ինչպես լսարանում զարգացնել, ակտիվացնել ուսանողի բանավոր խոսքը տարատեսակ խաղերի, թիմային աշխատանքների, մեթոդների միջոցով: Վերապատրաստողները ներկայացրին մի շարք մարտավարություններ, առկա հարուստ գրականությունը, որը, անշուշտ, մեծ նշանակություն ունի լսարանում ուսանողին ակտիվացնելու, բանավոր խոսքը զարգացնելու, դասերին խանդավառությամբ մասնակցելու գործում, քանզի ուսանողներն ունեն քերականական խոր գիտելիքներ, սակայն օտար լեզվով խոսելիս երբեմն ամաչում են սխալներ անելուց, իսկ ինտերակտիվ խաղերն ու թիմային աշխատանքը հնարավորություն կտան հաղթահարելու օտար լեզվով հաղորդակցվելու վախերը:
Յուրահատուկ դասընթաց էր նաև Բրազիլիայի Սան Պաուլո համալսարանի դոկտորանտ Լուչիա Կլարոյի «Intégrer la littérature en classe de FLE»-ը: Բանախոսի նպատակն էր ներկայացնել ֆրանսերեն գրականության, կինոյի, գրական տեքստերի միջոցով դասավանդման առանձնահատկությունները: Նրա ներկայացրած մեթոդները կիրառելի են լսարանում:
21-րդ դարում թվային աշխարհի կարևորությամբ պայմանավորված՝ առանձնահատուկ էր նաև վրացուհի վերապատրաստող Միրանդա Լոմիձեի «Développer et évaluer les quatre compétences avec des outils numériques» դասընթացը: Վերապատրաստողը խոսեց մի շարք կայքէջերի և ծրագրերի մասին, որոնց շնորհիվ կարելի է կազմակերպել դասերը:
Վերապատրաստման շրջանակում յուրաքանչյուր հինգշաբթի մշակութային երեկոներ էին կազմակերպվում «Ֆրանկոֆոնիայի» «Centre Universitaire Méditerranéen»-ում, որտեղ վերապատրաստման մասնակից երկրների ներկայացուցիչները ֆրանսիախոս դասավանդողներին ներկայացնում էին իրենց երկրները երգի, պարի, ինչպես նաև սահկաշարերի միջոցով:
Հայաստանից շուրջ 20 դասավանդողներ ներկայացրին Հայաստանը` հանդես գալով հայկական ազգային պարով: Երեկոյի ավարտին մասնակից երկրների խոհանոցի ներկայացումն էր, ինչն իր հերթին նպաստում է միջմշակութային կապերի ամրապնդմանը:
Վերապատրաստման մասն էին կազմում «Ֆրանկոֆոնիայի» նախաձեռնությամբ կազմակերպված էքսկուրսիաները Նիցցայում և հարակից քաղաքներում, որոնք հնարավորություն տվեցին դասավանդողներին դուրս գալու լսարանից և դասերն անցկացնելու բաց երկնքի տակ` ուսումնասիրելով տեղի մշակույթը, պատմությունը՝ պոեզիայի, էքսկուրսավարների կողմից ներկայացված փոքրիկ պատմությունների միջոցով: Էքսկուրսիաները բացառիկ հնարավորություն էին ֆրանսիախոս դասավանդողների հետ միջմշակութային փորձի փոխանակումների համար:
Որպես փորձի փոխանակում ամբիոնը նախատեսում է վերապատրաստում անցած դասախոսների կողմից իրականացվելիք դասախոսությունների շարք: