Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնը ս․ թ. դեկտեմբերի 11-12-ը «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» հետ համագործակցությամբ կազմակերպեց համաժողով՝ «Միջմշակութային հաղորդակցման հմտություններ անգլերենի ուսուցման մեջ» խորագրով:
Այն նվիրված էր Հայաստանում օտար լեզվի դասավանդմանն առնչվող մշակութային հարցերին: Համաժողովն ուներ մոտ հարյուր մասնակից: ՀՀ տարբեր ուսումնական հաստատությունների ուսուցիչները, ԱՄՆ կառավարության «English Language Fellow» կրթական ծրագրով ԵՊՀ-ում դասավանդող ամերիկացի մասնագետը, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում դասավանդող «ԱՄՆ Խաղաղության կորպուսի» կամավորները լուսաբանեցին անգլերենի դասավանդման իրենց փորձառությունը: Նրանք ներկայացրին աշակերտների գրավոր և բանավոր խոսքը, ինչպես նաև միջմշակութային հաղորդակցության հմտությունները զարգացնող բազմաթիվ նորարարական մեթոդներ և առցանց եղանակով ուսուցանող հարթակներ: Մասնակիցները մտքեր փոխանակեցին անգլերեն սովորող աշակերտների և ուսանողների՝ միջմշակութային հաղորդակցության հմտությունները զարգացնելու կարևորության վերաբերյալ: Կոնֆերանսը հնարավորություն տվեց անգլերեն դասավանդող ուսուցիչներին ամբողջացնելու վերջին տարիներին կուտակած փորձը, քննարկելու անգլերենի դասավանդման մարտահրավերները և վերաիմաստավորելու միջմշակութային հաղորդակցման հմտությունների զարգացման կարևորությունը ՀՀ ուսումնական հաստատություններում: