Ս․թ․ մարտի 22-ին և 23-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերին։
Յուրաքանչյուր տարի՝ սկսած 1961 թվականից, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամ 188 երկրներում մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանության համաշխարհային օր, ինչը պայմանավորված է 1950 թ․ այդ օրը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) կոնվենցիայի գործողության մեջ մտնելու հետ։ Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական օր ՀՀ Կառավարության 2004 թ․ հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշմամբ։
Մարտի 22-ին՝ սկսած 1993-ից, աշխարհի շատ երկրներ ամեն տարի նշում են Ջրի համաշխարհային օրը։ Այդ օրը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 1992 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ։ Մարտի 22-ը մեր երկրում նշվում է որպես ջրաբանի օր ՀՀ Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի №86-Ն որոշմամբ:
1993 թ. ի վեր Ջրի համաշխարհային օրը եղել է ՄԱԿ-ի կարևորագույն տոներից մեկը՝ նվիրված քաղցրահամ ջրի էական դերի ընդգծմանը և քաղցրահամ ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը: Ամեն տարի միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվում ջրի համաշխարհային մարտահրավերներին և հնարավորություններին:
Յուրաքանչյուր տարի «ՄԱԿ-ՋՈՒՐ»-ը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն առանձնացնում են տվյալ տարվա թեմաները։ Ընդ որում, մշտապես ուշադրության կենտրոնում են պահվում հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները։ 2024 թ․ Ջրի համաշխարհային օրվա թեման է «Ջուրը հանուն խաղաղության», որն ընդգծում է ջրային ռեսուրսների կառավարման կարևոր նշանակությունը՝ խթանելու խաղաղությունը, կանխելու հակամարտությունները և աջակցելու կայուն զարգացմանը:
Կլիմայի փոփոխությունը իրական և անհերքելի սպառնալիք է մեր ամբողջ քաղաքակրթության համար (2023 թ. օդի ջերմաստիճանը 1,4°C-ով բարձր է եղել 1850-1900 թթ․ միջինից՝ դարձնելով այն 174 տարվա ընթացքում գրանցված ամենաշոգ տարին)։ Հետևանքներն արդեն տեսանելի են և աղետալի կլինեն, եթե մենք հիմա չգործենք։ Այդ կապակցությամբ 2024 թ․ Օդերևութաբանության համաշխարհային օրվա թեմա է ընտրվել «Կլիմայի փոփոխության դեմ պայքարն առաջնագծում»։
Գիտաժողովին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, Ֆրանսիայի գյուղատնտեսության, սննդի և շրջակա միջավայրի ազգային գիտահետազոտական ինստիտուտի, «Լիդիան Արմենիա» ընկերության բնապահպանության բաժնի մասնագետները։
Գիտաժողովին մասնակցում էին ավելի քան 75 մասնագետներ։ Ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին հատկապես «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք հանդես եկան բազմաթիվ հետաքրքիր զեկուցումներով՝ ներկայացնելով ՀՀ օդերևութաբանական մոնիթորինգի համակարգը, երաշտային պայմանների գնահատումը Հայաստանում՝ օգտագործելով արբանյակային դիտարկումները և օդերևութաբանական կայանների տվյալները, կլիմայական և մոդելային տվյալների մշակումը և վիճակագրական վերլուծությունները, եղանակի կանխատեսումը Հայաստանում, եղանակի կանխատեսումների և օդերևութաբանական դիտարկումների Ճապոնիայի փորձը, ՀՀ հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքում հիդրոկենսաբանական ցուցանիշներով գետերի էկոլոգիական վիճակի գնահատումը և այլ թեմաներ։
Հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան նաև ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերութաբանության ամբիոնի ուսանողները, ինչը փաստում է ֆակուլտետի կարևոր ձեռքբերումներից մեկի մասին, ինչպես նաև այն հանգամանքը, որ ուսանողներն իրենց ստացած տեսական գիտելիքները կարողում են կիրառել գործնականում և ստանալ նշանակալի արդյունքներ։
Երկօրյա գիտաժողովի վերջում քննարկվեց գիտաժողովի ընթացքը, վեր հանվեցին դրական և բացասական կողմերը, եղան առաջարկներ։ Առաջարկվեց և կարևորվեց նմանատիպ գիտաժողովների, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների անցկացումը և շարունակականությունը։
Նշենք, որ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։