Յուրաքանչյուր տարի մարտի 22-ը նշվում է որպես Ջրի համաշխարհային օր։ Այդ նշանակալի օրվան ընդառաջ՝ ս․թ․ մարտի 21-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Դելոյթ Քընսալթինգ» ընկերության կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի մասնագետների ներգրավմամբ անցկացվեց բաց դաս, որի շրջանակում արծարծվեցին հետևյալ թեմաները՝ 1) ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության որոշում, 2) ջրօգտագործման հիմնական ուղղությունները և կարգավորումը, 3) առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը և մոնիթորինգային դիտակետերի արդիականացումը ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում։
Բաց դասի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման, պահպանության և արդյունավետ օգտագործման խնդիրներին՝ ներկայացնելով արդի լուծումներ, տեխնոլոգիաներ, ինչպես նաև ջրային ռեսուրսների գնահատման ժամանակակից գործիքներ, որոնց ներդրումը և կիրառումն առավել արդյունավետ կդարձնեն Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարումը, պահպանությունը և օգտագործումը։
ԱՄՆ ՄԶԳ ծրագրի հիդրոլոգ/ԱՏՀ տվյալների բազայի մասնագետ, աշխ․ գիտ․ թեկնածու, բանախոս Բենիամին Զաքարյանը մասնավորապես ներկայացրեց ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը, մանրամասնեց վերջինիս և դրա պարամետրերի որոշման մեթոդները։ Նա շեշտադրեց ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության աստիճանի որոշման անհրաժեշտությունը և կարևորությունը, ինչպես նաև, ի թիվս այլ հարցերի, խոսեց բնական և օգտագործելի ջրային ռեսուրսների մասին։
Ծրագրի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների ինժեներ, տեխ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Արմեն Սերգոյանը ներկայացրեց ջրօգտագործման հիմնական ուղղությունները, խոսեց ջրօգտագործման թույլտվությունների, ՀՀ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի, ջրային համակարգերի, դրանց կառավարման մարմնի և ոլորտի խնդիրների, պետական նշանակության ջրային համակարգերի, պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի պահպանության, ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարձակալության շուրջ։
ԱՄՆ ՄԶԳ ծրագրի բաղադրիչ 1-ի ղեկավար, ֆ․մ․գ․թ․, դոցենտ Արամ Կարապետյանը ներկայացրեց վերոնշյալ ծրագրի ընդհանուր գործառույթները, նպատակները և խնդիրները՝ ընդգծելով, որ ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանի Հանրապետությանը ջրային ռեսուրսների կառավարման մոտեցումների բարելավման, քաղցրահամ ջրային ռեսուրսների պահպանության, արդյունավետ օգտագործման և հասանելիության ապահովման ուղղություններով՝ միաժամանակ նպաստելով ջրային ռեսուրսների որակի և բնապահպանական թողքի ապահովմանը:
Բանախոսը նշեց, որ ծրագիրն իրականացվում է գործընկերներ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադո Բոլդեր համալսարանի և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հետ համագործակցությամբ, անդրադարձավ նաև ԱՄՆ ՄԶԳ ծրագրի և ակադեմիական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներին։ Նա ասաց, որ ծրագրի բաղադրիչ 1-ի գործառույթներից է կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակի ընդլայնումը՝ ջրային ռեսուրսների կառավարման ժամանակակից գործիքների, տեխնոլոգիաների և նորարարական մոտեցումների ներդրման նպատակով, ինչը կօժանդակի ուսանողներին ձեռք բերելու գործնական գիտելիքներ և փորձ ջրային ռեսուրսների կառավարման, արդյունավետ օգտագործման և պահպանության ուղղություններով։
Բաց դասը հնարավորություն ընձեռեց ֆակուլտետի ուսանողներին և դասախոսներին հարցեր ուղղելու և ինտերակտիվ քննարկումներ անցկացնելու ԱՄՆ ՄԶԳ ծրագրի մասնագետների հետ՝ պարզաբանելու ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված գիտական, տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները, լուծումները և հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները։