Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի «Աշխարհագրություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողներն ապրիլի 11-ին ճանաչողական այց կատարեցին ՀՀ շրջակա միջավայրի «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ:
Ուսանողներին ուղեկցեց ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Վարդուհի Մարգարյանը։ Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ավիաօդերևութաբանական կենտրոնի օդերևութաբանական հրապարակին, օդերևութաբանական դիտարկումներին և սարքավորումներին, դիտարկումների տվյալների գրանցման, վերծանման և մշակման, ստացված տեղեկության հաղորդման գործընթացներին, ավիացիայի օդերևութաբանական սպասարկման որակի ապահովման, կանխատեսումների կազմման աշխատանքներին։
Դիտարկումների բաժնում ուսանողները ծանոթացան «AMIS-РФ» ծրագրին, որտեղ հավաքվում են եղանակային տվյալների տեղեկությունները։ Դիտարկումների բաժնի աշխատանքներն ուսանողներին ներկայացրին բաժնի աշխատակիցներ Տիգրան Դաղբաշյանը և Թամարա Ադիլխանյանը (ֆակուլտետի շրջանավարտներ)։ Ներկայացվեց դիտարկումների կենտրոնից կանխատեսումների կենտրոն տվյալների փոխանցման, այդտեղից էլ ապա օդանավակայանի կարգավարներին հաղորդման գործընթացը։ Տիգրան Դաղբաշյանի և Արմենուհի Հարությունյանի ուղեկցությամբ ուսանողները եղան օդերևութաբանական հրապարակում, ծանոթացան օդերևութաբանական դիտարկումներին և սարքավորումներին, այդ թվում՝ քամու, խոնավության, ջերմաստիճանի, ամպերի ներքին սահմանը չափող, տեսանելիությունը գնահատող սարքավորումներին և ամպրոպի տեղորոշիչին։
Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Արմենուհի Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց օդանավակայանի 24-ժամյա, ինչպես նաև ՀՀ օդային տարածքում սպասվող/կանխատեսվող վտանգավոր մթնոլորտային երևույթների կանխատեսումները կազմելու գործընթացը և դրանց՝ միջազգային օդերևութաբանական տվյալների բանկում տարածումը։ Նշեց, որ սպասվող եղանակի մասին տեղեկությունները հաղորդվում են նաև դեպի Երևան թռիչք կատարող միջազգային օդանավակայաններին:
«Զվարթնոց» ԱՕԿ-ի տնօրեն Թաթուլ Հայրապետյանը ներկայացրեց ավիաօդերևութաբանական կենտրոնի գործունեությունը և ոլորտում առկա խնդիրները (այդ թվում նաև մասնագետ-կադրերի հետ կապված)՝ նշելով, որ կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով: Կարևորվեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի ու ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի միջև համագործակցության խորացումը և շարունակականությունը, ուսումնական և արտադրական պրակտիկաների անցկացումը կենտրոնում, ինչպես նաև նմանօրինակ ճանաչողական այցերի հաճախակի կազմակերպումը: