Կողմնացույցի սլաքն ուղղենք դեպի Արևելք․ հարուստ մշակույթ, յուրօրինակ ավանդույթներ, բազմադարյա պատմություն, հնագույն լեզուներ և տարաժանր գրականություն։
Գլոբալացումը և միջմշակութային հաղորդակցության զարգացումն օրըստօրե մեծացնում են աևելագիտության ոլորտի ուսումնասիրության կարևորությունը։ Ժամանակակից աշխարհում Ասիայի ու Մերձավոր Արևելքի տարածաշրջանների քաղաքական և ազգային անվտանգության խնդիրների ու միտումների վերաբերյալ համակողմանի իրազեկվածությունն օժանդակում է դիվանագիտական հարաբերություններում կայուն դիրք գրավելուն, հատկապես հանրային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։
Արևելագիտությունը, որը հայտնի է նաև որպես ասիական կամ արևելյան ուսումնասիրությունների ոլորտ, 21-րդ դարում պահպանում է իր դիրքը պահանջված մասնագիտությունների շարքում․ այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու, քննության առնելու և վերլուծելու արևելյան քաղաքական դինամիկան, ինչպես նաև տնտեսական առանձնահատկությունները, քանի որ Ասիան աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսական տարածաշրջաններից է։
Մասնագիտության կարևորությունն ու արդիականությունը (հատկապես մեր տարածաշրջանում) մեծապես նպաստում են երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին, ինչի վառ վկայությունն են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ընդունելության բարձր ցուցանիշները։
Կրթական եռաստիճան համակարգ ունեցող ֆակուլտետում գործում են արաբագիտության, թյուրքագիտության և իրանագիտության ամբիոնները: Արաբագիտության ամբիոնն առաջարկում է «Արաբագիտություն» բակալավրիատական և «Կիրառական արաբագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրերը, թյուրքագիտության ամբիոնը՝ «Թյուրքագիտություն» բակալավրիատական, «Ադրբեջանագիտություն» բակալավրիատական և մագիստրոսական, «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական կրթական ծրագրերը, իսկ իրանագիտության ամբիոնը՝ «Իրանագիտություն» բակալավրիատական և «Իրանական պատմաբանասիրություն» մագիստրոսական կրթական ծրագրերը:
Այստեղ մեծապես կարևորվում են տեսական գիտելիքից բացի՝ գործնական փորձառության ձեռքբերումը։ Այդ նպատակով ֆակուլտետի անձնակազմն ակտիվորեն աշխատում և զարգացնում է գործընկեր պետությունների և հաստատությունների հետ գործակցային կապերը՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին մասնակցելու տարատեսակ պրակտիկաների, սովորելու արտերկրում, մասնակցելու վերապատրաստումների և փորձառական ուսուցման այլ նախագծերի:
Արևելագիտության ֆակուլտետը կազմակերպում է արաբերենի, չինարենի, եբրայերենի, ճապոներենի, պարսկերենի, թուրքերենի, քրդերենի, թալիշերենի, կովկասյան պարսկերենի (թաթերենը), աֆղաներենի, պահլավերենի ուսուցում․ առաջիկայում ուսումնասիրվող լեզուների շրջանակն ընդլայնվելու է:
Արտասահմանցի ուսանողների համար ֆակուլտետում կազմակերպվում են մասնագիտական լեզվի ուսուցման, ուսումնասիրվող տարածաշրջանի պատմության, գրականության, մշակույթի, արվեստի և ընդհանուր արևելագիտական ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկող դասընթացներ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք արտերկրի համալսարաններում հանդես են գալիս դասախոսություններով, վերապատրաստումներ են անցնում միջազգային հեղինակավոր ուսումնական և գիտական հաստատություններում։ Միևնույն ժամանակ՝ ֆակուլտետում պարբերաբար դասախոսություններ են կարդում միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր գիտնականներ։
Ֆակուլտետը համագործակցում է միջազգային առաջատար կրթական և հետազոտական մի շարք կենտրոնների հետ (ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (Մոսկվա), Հորդանանի համալսարան, Քուվեյթի համալսարան, Կահիրեի համալսարան), Թեհրանի, Սպահանի, Յազդի, «Ջունդիշապուրի», Նիշապուրի և Թավրիզի համալսարանների, Համբուրգի և Բոննի համալսարանների, Սորբոնի համալսարանի, Ավստրիայի գիտությունների ակադեմիայի և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի, ինչպես նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի առաջատար բուհերի հետ:
Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել պետական համակարգում, դեսպանատներում, գիտահետազոտական և կրթական կենտրոններում, միջազգային կազմակերպություններում, թարգմանական գրասենյակներում և այլուր։
Արի՛ ԵՊՀ, ձե՛ռք բեր ժամանակակից մասնագիտություն, դարձի՛ր մրցունակ մասնագետ աշխատաշուկայում։
Անի Սուքիասյան