ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության լսարանի բացման հանդիսավոր արարողությունը: Լսարանը կդառնա նոր հարթակ Հայաստանի և Սիրիայի միջև գիտական, կրթական և մշակութային համագործակցությունների համար:
Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության համագործակցության շրջանակում ԵՊՀ-ում պարբերաբար կազմակերպվում են գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ, անցկացվում են մշակութային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները: Այս լսարանի բացումը ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը ծրագրել են դեռևս մեկ տարի առաջ՝ դեսպանի՝ ԵՊՀ արաբագիտության ամբիոն կատարած առաջին այցի ժամանակ:
Լսարանը ստեղծվել է ԵՊՀ-ի, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության համագործակցությամբ և Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ:
Կարևորելով լսարանի բացումը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց. «ԵՊՀ-ում արաբերենի ուսուցումը չի ենթադրում միայն լեզվի իմացություն ու հաղորդակցական կարողությունների զարգացում. այն նաև արաբական աշխարհի առանձնահատկությունների ու նրբությունների վերաբերյալ գիտելիքի տրամադրում է, և ես վստահ եմ, որ այս լսարանը մեր դասախոսների ու գործընկերների շնորհիվ կծառայի որպես Հայաստանի և Սիրիայի միջև «մշակութային փոխանակման» կենտրոն՝ հնարավորություն տալով ուսանողներին ծանոթանալու բարեկամական երկրների հարուստ ժառանգությանը, լեզվին, պատմությանն ու ավանդույթներին»:
ԵՊՀ ռեկտորը երախտագիտություն հայտնեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին՝ կատարած աշխատանքի, նվիրումի և մեծ ավանդի համար, տարբեր ժամանակաշրջաններում Սիրիայում ՀՀ դեսպաններին՝ ի դեմս առաջին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել երկու ազգերի և պետությունների միջև ջերմ հարաբերություններ ձևավորելու և ամրապնդելու համար:
ՀՀ-ում Սիրիայի Հանրապետության դեսպան Նորա Արիսյանը, մատնանշելով դեսպանատան և համալսարանի գործընկերային ամուր կապերը, ընդգծեց. «Դեսպանատունը պատրաստ է շարունակելու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի հետ համագործակցությունը՝ արաբերենի ուսուցումը խթանելու և լեզվի իմացության մակարդակը բարձրացնելու նպատակով»:
Դեսպանությունը Սիրայի մշակույթի նախարարության աջակցությամբ դասասենյակին նվիրեց 75 գիրք:
Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը նշեց. «Հիմնադրումից ի վեր՝ Սիրիան դե ֆակտո «ներկա է եղել» ֆակուլտետում: Ի դեմս այս լսարանի՝ Սիրիան այսուհետ ֆակուլտետում ներկա է նաև դե յուրե: Վստահ եմ՝ այս լսարանից դուրս են գալու մասնագետներ, որոնք շարունակելու են ամրապնդել հայ-սիրիական հարաբերությունները»:
Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ լսարանը հիմնականում կծառայի ազգությամբ արաբ գրողների, լեզվաբանների, պատմաբանների հետ հանդիպումների, քննարկումների, դասախոսությունների անցկացմանը, այդ թվում՝ առցանց եղանակով:
Նշենք, որ շուտով լսարանը կկահավորվի գերժամանակակից խելացի գրատախտակով, որը կլինի համալսարանի ներդրումը այս լսարանի կայացման գործում: