Օրերս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում հյուրընկալվել և ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մոհամմադ Ասադի Մովահեդը։ Այցի շրջանակում Մոհամմադ Ասադի Մովահեդը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի գրադարանին է նվիրել մասնագիտական և գեղարվեստական գրականություն։
Հանդիպման ընթացքում կողմերը արձանագրել են, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը կարևոր նշանակություն ունի իրանական մշակույթի, պատմության և լեզվի բազմակողմանի ուսուցման գործում, ուստի մասնագիտական գրքերի և գրականության ձեռքբերումը մեծապես կնպաստի անհրաժեշտ մասնագիտական նյութերին ուսանողների հասանելիության ապահովմանը։
Մոհամմադ Ասադի Մովահեդը, շնորհակալություն հայտնելով ԵՊՀ իրանագիտության ամբիոնին՝ ի դեմս պրոֆեսոր Ոսկանյանի, ընդգծել է, որ Հայաստանում իրանագիտական այս դպրոցը զգալի ներդրում ունի իրանական և արևելյան լեզուների ուսուցման, իրանական պատմության, մշակույթի, կրոնների, էթնիկ-քաղաքական գործընթացների ուսումնասիրման գործում:
Պրոֆեսոր Ոսկանյանը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, ընդգծել է, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և այնտեղ հիմնադրված իրանագիտական դպրոցի առանցքային ներդրումներից մեկը հարևան Իրանի բազմակողմանի ճանաչումն ու ուսումնասիրումն է, ուստի կան բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են լինելու Հայաստանում իրանագիտության լավագույն ավանդույթների պահպանմանը, դրանց զարգացմանը և սերունդներին փոխանցելուն։