Ս.թ. մարտի 20-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց «Արցախի մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները» խորագրով սեմինար։ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոսները ներկայացրին ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհային ծրագրի շրջանակում կատարվող հետազոտության արդյունքները։
Արցախի տարածաշրջանի՝ տասնամյակներ տևած հնագիտա-ազգագրական ուսումնասիրությունները ներկայում հնարավորություն են տալիս առանձնացնելու տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանության մի շարք կարևոր հիմնախնդիրներ:
Խոսելով Արցախի մշակութային ժառանգության շուրջ ձևավորված նոր իրավիճակի մասին՝ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, ծրագրի գիտական ղեկավար Հայկ Ավետիսյանն ընդգծեց, որ տարածաշրջանի պատմահնագիտական և ազգագրական ժառանգության ուսումնասիրությունն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական կարևոր նշանակություն։
«Արցախահայության բռնի տեղահանության հետևանքով շուրջ 120 000 արցախցիներ օտարվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, և այժմ վտանգված է նրանց սոցիալ-մշակութային ինքնությունը»,- ասաց Հ. Ավետիսյանը։
Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Լեռնիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով Արցախի թանգարանների հավաքածուները, նշեց. «Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել և չեն տարհանվել Հադրութի, Շուշիի, Բերդաշենի և Արցախի մյուս թանգարանների, ինչպես նաև տասնյակ դպրոցական թանգարանների շատ հավաքածուներ։ Կարևոր ենք համարում ցուցակագրել անվերադարձ կորած թանգարանային արժեքները և հանրայնացնել։ Մեր հիմնական խնդիրներից են արխիվներում պահպանվող հնագիտական և ազգագրական նյութերի ուսումնասիրությունն ու ամբողջացումը։ Մասնավորապես մեծ արժեք է ներկայացնում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվի ազգագրական ֆոնդը»։
Քաշաթաղի երկրագիտական թանգարանի նյութերի ուսումնասիրությունը խմբի համար թիրախային նշանակություն ունի, քանի որ բոլոր նյութերի լուսանկարները պահպանվել են, և հանրայնացման առումով այստեղ կան լուրջ հեռանկարներ։
«Քաշաթաղի շրջանի ամենահայտնի հուշարձանախումբը Կերենի հնավայրն է, որը պեղվել է 2003-2014 թթ.։ Հայտնաբերվել են վաղ փուլին պատկանող երկու դամբարաններ, սակայն հիմնական նյութը թվագրվում է Ք.ա. 7-5-րդ դարերով։ Այս ժամանակաշրջանի նյութեր պեղվել են Կերենի բոլոր դամբարանադաշտերում և բնակատեղիներում։ Կերենից հայտնաբերվել է բացառիկ խեցեղեն, որի վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարելու մի շարք կարևոր եզրակացություններ»,- ասաց Հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արտակ Գնունին։
Նշենք, որ հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու բանախոսներին: