ԵՊՀ-ում իրականացվում են բազմաթիվ գիտական և կրթական դրամաշնորհային ծրագրեր: Գիտական ծրագրերում ընդգրկված հետազոտողներից է Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Փանոսյանը։ Նա գիտությամբ զբաղվելն ու կենսաբանության ուսումնասիրությունը համարում է առաքելություն։ Հովիկ Փանոսյանի հետ զրուցել ենք նրա անցած ճանապարհի, ոլորտի առավելությունների, առկա խնդիրների, ինչպես նաև ներկայում կատարվող հետազոտությունների մասին։
Երբ ճակատագիրն է գծանշում ուղին
Հովիկ Փանոսյանը սկզբնապես հետաքրքրվել է ավելի շատ երկրաբանությամբ, իսկ կենսաբանության նկատմամբ հետաքրքրություն առաջացել է ավելի ուշ:
«Ինձ հետաքրքրում էին ապարները, հանքաքարերը։ Երբ դեռ դպրոցական էի, մասնակցել եմ խմբակների, որտեղ կարճ ժամանակահատվածում ոլորտի վերաբերյալ գիտելիքներ եմ ձեռք բերել։ Այդ խմբակների շրջանակում կազմակերպվում էին տարաբնույթ միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակիցներից էի»,- պատմում է Հ. Փանոսյանը։
Հետագայում, սակայն, նրա հետաքրքրությունների շրջանակն ընդլայնվում է, փոփոխվում, ինչի վկայությունն է այն, որ 1994 թ. նա ընդունվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ:
Ուսանողական տարիները և բուն մասնագիտացման ընտրությունը
Հ. Փանոսյանը եղել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանող։ Պատմում է, որ ուսանողական տարիներին առողջ մրցակցություն կար, ինչն էլ նպաստել է գիտության հանդեպ նրա հետաքրքրության զարգացմանը։
«Ես բախտավոր էի այն առումով, որ մեր կուրսում հավաքված էին բավականին լավ ուսանողներ, որոնք, իսկապես, գիտության նկատմամբ հետաքրքրություն ունեին։ Պատահական չէ, որ այսօր համակուրսեցիներիս մեծ մասը զբաղվում է գիտությամբ, գիտությունների թեկնածուներ են, դոկտորներ։ Այդ ամենն ինձ հնարավորություն տվեց նույնիսկ ուսանողական մրցակցության մեջ «գիտականորեն կոփվել»»,- նշում է Հ. Փանոսյանը։
Երբ արդեն պետք է ընտրեր մասնագիտական կոնկրետ ուղղություն, Հ. Փանոսյանն ընտրեց մանրէաբանության ամբիոնը, թեև մեծապես հետաքրքրված էր նաև կենսաբանական զենքերի ուսումնասիրությամբ:
Մասնագիտանալով մանրէաբանության ոլորտում՝ Հ. Փանոսյանն ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է նաև արտալսարանային միջոցառումների:
«Եղել եմ բավականին ակտիվ ուսանող, այցելել եմ կենսաբանությանն առնչվող ու չառնչվող մի շարք գիտական հաստատություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: Փորձել եմ կապ հաստատել գրեթե բոլոր այն ինստիտուտների հետ, որոնք ինչ-որ ձևով կապ ունեին մասնագիտությանս հետ։ Ավելի ուշ եղել եմ Իտալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, ԱՄՆ-ում գործող բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներում, որտեղ ձեռք եմ բերել մեծ փորձ և հմտություններ՝ զարգացնելով մասնագիտական կարողություններս»,- ընդգծում է նա:
Մանրէաբանական քարտեզում տեսանելի է նաև Հայաստանի մասնագետների ներդրումը
Երևանի պետական համալսարանում գործող Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը տասնամյակների պատմություն ունի։ Այն հաջորդ տարի ֆակուլտետի հետ միասին նշելու է հիմնադրման 90-ամյակը։ Ֆակուլտետի ստեղծման առաջին իսկ տարիներին հիմնվել է բույսերի ֆիզիոլոգիայի ամբիոնը, որի հիման վրա էլ հետագայում ձևավորվել է Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։ Հովիկ Փանոսյանը պատմում է, որ տարիների ընթացքում փոխվել են ամբիոնում առաջադրված խնդիրները, բայց ի պատիվ ամբիոնի աշխատակիցների՝ գիտության այս ճյուղը Հայաստանում մեծապես զարգացել է։
«Ժամանակին Աբովյան քաղաքում նույնիսկ գործում էր մանրէաբանության առանձին՝ Միկրոբիոլոգիայի ինստիտուտ, որը հետագայում միացվեց Կենսատեխնոլոգիայի ինստիտուտին և դարձավ մի ամբողջական համակարգ՝ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն՝ ԳԱԱ կազմում։ Բնականաբար, այնտեղ գործում է մանրէաբանական բաժին, որտեղ և աշխատում են ոլորտի գիտնականները։ Համալսարանական ու ակադեմիական այդ համագործակցությունը վաղուց է մեզ մոտ, և այդ ավանդույթները պահպանելով՝ մենք ևս փորձում ենք այս գիտությունը պահել պատշաճ մակարդակի վրա։ Ասեմ ավելին՝ ամբիոնը, մանրէաբանությամբ հետաքրքրված մյուս հաստատություններն ու գիտական խմբերն աշխատում են վերջին մեթոդոլոգիան «ներկրել» Հայաստան և զբաղվել այս գիտության ժամանակակից մեթոդների կիրառմամբ»։
Հատկապես վերջին տարիներին այս ամենը գիտնականներին հնարավորություն է տվել ստանալու դրամաշնորհներ թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան գործընկերների հետ համագործակցությամբ։
«Էքստրեմոֆիլների միջազգային կոնգրեսը, որին մասնակցելու են ավելին քան 80 երկրների հայտնի գիտնականներ, 2024 թվականի սեպտեմբերին կազմակերպվելու է Հայաստանում՝ շնորհիվ ոլորտի լավագույն մասնագետների։ Չէր լինի դա, եթե չլինեին այն բոլոր հիմքերը, որոնք ներկայանալի են դարձնում մանրէաբանության ոլորտը Հայաստանում»,- ընդգծում է Հովիկ Փանոսյանը։
Ուսանողների համար ստեղծել հնարավոր ինքնաարտահայտման դաշտ
Ձեռքբերումների կողքին կան նաև մարտահրավերներ և խնդիրներ, որոնց այսօր բախվում են գիտնականները։
«Երիտասարդ լավագույն մասնագետներ, հաստատվելով արտասահմանյան առաջատար գիտական հաստատություններում, համագործակցում են մեզ հետ և շատ հարցերում փորձում օգնել՝ իրենց ներդրումն ունենալով ոլորտի զարգացման գործում։ Բայց հենց այստեղ առաջ են գալիս նոր մարտահրավերներ՝ նրանց շնորհիվ մեր կադրային բազան համալրելու և մասնագիտական գործունեությունը համալսարանում շարունակելու հարցում նրանց մոտիվացնելու»,-ասում է նա։
Վերջին շրջանում ամբիոնը լավ հնարավորություններ է ստեղծել երիտասարդների համար, որոնք կարող են բավարարել իրենց մասնագիտական հետաքրքրությունները։
«Այսօր իրավիճակը փոխվում է դեպի լավը, և հույս ունեմ, որ այդ ընթացքը շարունակական կլինի և հնարավորություն կտա երիտասարդներին հավատալու, որ գիտությամբ զբաղվելով՝ կկարողանան հասնել բարձունքների։ Ես մեծ փորձ ունեմ տարբեր երկրներում տարբեր ազգությունների ուսանողների հետ աշխատելու։ Մեր ուսանողները ոչնչով չեն զիջում նրանց, պետք է ստեղծել հնարավոր ինքնաարտահայտման դաշտ»,- հավելում է նա։
«Պոկել» բնությունից մանրէներն ու տանել դեպի տնտեսություն
Ներկայում կան որոշ դրամաշնորհային թեմաներ, որոնցով Հովիկ Փանոսյանն ու նրա հետ աշխատող խումբը հետազոտություններ են անում։ Խմբի ստեղծման օրվանից նրանք զբաղվում են Հայաստանում տարածված էքստրեմոֆիլ մանրէների կենսաբազմազանությամբ և կենսատեխնոլոգիայում դրանց կիրառման հեռանկարների բացահայտմամբ։
Դրանք այն մանրէներն են, որոնք ապրում են կյանքի համար ոչ այնքան նպաստավոր պայմաններում։ Դիմանալով ծայրահեղ պայմաններին՝ որոշակի կենսաքիմիական, ֆիզիոլոգիական ադապտացիայի միջոցով հարմարվում են դրանց և վերածվում կենսատեխնոլոգիայի հետաքրքիր օբյեկտների։ Թե ինչքանով է մարդը կիրառում դրանք, այլ խնդիր է։
«Հիմա մենք փորձում ենք այդ մանրէները բնությունից տանել դեպի կենսատեխնոլոգիա և հասկանալ, թե ինչպես կարող ենք դրանք օգտագործել տնտեսության այս կամ այն բնագավառում։ Բոլորիս այսօր հայտնի է կորոնավիրուսի նույնականացման թեստը՝ ՊՇՌ մեթոդը, սակայն ոչ բոլորը գիտեն, որ այդ թեստը հիմնված է մի թերմոֆիլ մանրէի անջատած ֆերմենտի վրա, և եթե չլինի այն, ՊՇՌ մեթոդը չի գործի։ Մենք հիմա աշխատում ենք հենց այդ թերմոֆիլ մանրէների հետ և փորձում հասկանալ, թե դրանք ինչպիսի կիրառություն կարող են գտնել տնտեսության այս կամ այն ոլորտում»,- պատմում է կենսաբանը։
Պետք է պատրաստել կրթված ու «գիտելիքներով զինված» կադրեր
Հովիկ Փանոսյանը կարծում է, որ կորոնավիրուսը սովորեցրեց հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ վարակները։
Ամփոփելով խոսքը՝ Հ. Փանոսյանը փաստում է. «Վիրուսները ևս մանրէաբանության օբյեկտներ են։ Վիրուսաբանությունը (որպես մանրէաբանության առանձին ճյուղ) կայացնելու և զարգացնելու անհրաժեշտություն կա Հայաստանում, մասնավորապես՝ ԵՊՀ-ում։ Որպես երիտասարդ ու արագ զարգացող գիտություն՝ մանրէաբանությունն այսօր մի քանի ոլորտներ է ընդգրկում՝ տնտեսություն, առողջապահություն, գյուղատնտեսություն։ Սա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն զարգացնենք ու հասցնենք ամենաբարձր մակարդակի։ Պետք է պատրաստենք կրթված ու «գիտելիքներով զինված» կադրեր՝ աշխարհին սպառնացող մարտահրավերներին ճիշտ լուծումներ տալու համար։ Եվ այն տեղը քարտեզում, որն ունի Հայաստանը, փորձենք ավելի տեսանելի դարձնել, ընդգծել ու ընդլայնել՝ գրավելով առաջատար դիրքեր»։
Ասպրամ Համբարձումյան
2-րդ կուրս
Լուսանկարները՝ հեղինակի