Միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտի մասնագետների համար էական նշանակություն ունի՝ միջազգային լավագույն փորձին, մեթոդներին և մոտեցումներին ծանոթանալու, հմտություններն ընդլայնելու առումով։ Երևանի պետական համալսարանը ևս խիստ կարևորում է միջազգային փորձի կիրառումը բուհում և համագործակցում արտասահմանյան մի շարք համալսարանների հետ, ինչը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմին տալիս է գիտելիքները խորացնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու առավելություն։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Journalist.am-ի «ԵՊՀ միջազգայնացում» շարքը պատմում է այդ հնարավորությունների մասին՝ ներկայացնելով ԵՊՀ դասախոսների, որոնք համագործակցել են տարբեր միջազգային համալսարանների հետ և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կիրառում են հայաստանյան կրթական համակարգում։
Հակոբ Ավչյան՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու
Հակոբ Ավչյանը վեցամսյա հետազոտական ծրագրի է մասնակցել Ավստրիայի գիտությունների ազգային ակադեմիայի իրանագիտության ինստիտուտում և հեղինակել հոդվածներ։
«Համալսարանը միայն հրավերն է ուղարկում, մնացածը կախված է ներկայացրած ծրագրից։ Թեման միասին որոշեցինք՝ «Հյուսիսային թալիշերենի Ամբարանի և Լենքորանի բարբառների համեմատական ուսումնասիրություն»։ Իրենց էլ շատ հետաքրքրեց այդ թեման, որովհետև հիմնականում կենտրոնացած են պատմության, քաղաքագիտության վրա։ 2021 թվականի դեկտեմբերին պատասխան ստացանք, որ թեման հաստատվել է, որի ուսումնասիրությունը կտևի 6 ամիս»,- պատմում է նա։
Վերապատրաստման ընթացքում հնարավորություն է ունեցել օգտվելու նաև ակադեմիայի գրադարանից՝ հասանելիություն ստանալով բազմաբովանդակ գրականությանը։
«Օգտվելով տրված գրականությունից` կարողացա վերջնական տեսքի բերել նաև դեռևս 2017 թվականից Համբուրգի համալսարանի DAAD ծրագրի հետազոտության շրջանակում նախաձեռնած թալիշերենի դասագիրքը։ Բացի դրանից՝ հնարավորություն ունեցա այցելելու Վիեննայի համալսարանի արևելագիտության ֆակուլտետ։ Ներկա եղա իրենց դասերին, ծանոթացա դասավանդման մեթոդներին, որոնք փորձում եմ այժմ կիրառել մեր ֆակուլտետում պարսկերեն դասավանդելիս։ Վիեննայում և ընդհանրապես աշխարհում թալիշերենի դասավանդում գրեթե չկա, այդ պատճառով իրենց համար դա շատ հետաքրքիր էր և նորարարական։ Այսինքն՝ կատարվում էր փորձի փոխանակում»,-ասում է նա՝ հավելելով, որ նորագույն մեթոդներ, գիտության արդիական նվաճումներ յուրացնելու լավագույն միջոցը նաև միջազգային համագործակցությունն է։
Մարինե Յաղուբյան՝ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի տեղակալ, միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դոցենտ
Մարինե Յաղուբյանը 2021 թվականին «Էրազմուս+» ծրագրով վերապատրաստվել է Պորտուգալիայում. «Վերապատրաստվել եմ «Տեսանյութերը՝ որպես դասավանդման գործիք» կրթական ծրագրում: Ընդգրկվել եմ տասնվեց դասախոսների ցանկում, որոնք այժմ իրականացնում են վերապատրաստում ինչպես մեր, այնպես էլ այլ համալսարաններում: Այսինքն՝ մենք իրականացնում ենք ծրագիր, որն ուղղված է լսարանում նորարարական մեթոդների կիրառման հմտությունների և կարողությունների զարգացմանը»։
Այս համալսարանները եվրոպական լավագույն բուհերն են, որոնց նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով զարգացնել գիտելիքները: Մասնագիտական առումով դասախոսները կարողացել են այս վերապատրաստումների շնորհիվ առավել հմուտ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաները լսարաններում և ուսանողներին ներգրավել թեմայի մեջ: Ծրագրի շրջանակում ստացած գիտելիքների շնորհիվ համալսարանում կարողացել են ստեղծել բաց լսարան, որտեղ ձայնագրում, տեսանկարահանում են իրենց դասընթացներն ու փոխանցում ուսանողներին:
«Մենք կատարել ենք դասընթացների վերլուծություն, ինչը ցույց է տվել, որ նորարարական մեթոդներով անցկացրած դասերի շնորհիվ ուսանողներն առավել մեծ առաջընթաց ունեն։ Շատ կարևոր է ուսանողի ստեղծագործական աճն ու ինքնադրսևորումը: Փորձը թե´ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում արդարացրեց իրեն: Առանց նորարարական մեթոդների դժվար է պատկերացնել մերօրյա կրթական համակարգը»։
Դիանա Գազարովա՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոցենտ, ֆակուլտետի դեկանի տեղակալ
Դիանա Գազարովան 2018 թվականին մասնակցել է «Erasmus+ HE Staff mobility agreement teaching» փոխանակման ծրագրին և այցելել Իտալիա՝ Բոլոնիայի համալսարան, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում անցկացրել է դասախոսություններ ռուսաց լեզվի վերաբերյալ։ Դրանք իրականացվել են և՛ անգլերենով, և՛ ռուսերենով. «Տեսնելով, որ կա փորձի փոխանակման մեծ հնարավորություն, որոշեցի մասնակցել ծրագրին։ Նմանօրինակ ծրագրերը միշտ արդյունավետ և հետաքրքիր են լինում, օգտակար ոչ միայն ուսանողների, այլև հենց մեզ՝ դասախոսներիս համար»։
Ըստ Դիանա Գազարովայի՝ երբ դասախոսը մտնում է արտասահմանյան լսարան, ստեղծվում է ոչ միայն երկլեզու երկխոսություն, այլև տեղի է ունենում երկու կամ ավելի մշակույթների հանդիպում, որը հետաքրքիր է և արդյունավետ հատկապես լեզվաբանության ոլորտում։ Ըստ լսարանի՝ փոխվում է դասախոսության ընթացքը, և դասախոսը պետք է լինի ճկուն ու հրապուրված իր առարկայով, որպեսզի կարողանա գրավել ուսանողների ուշադրությունը։
«Երբ այցելեցի Բոլոնիայի համալսարան, այնտեղ կրթության ավանդական և դասական ու ինտերակտիվ նոր մեթոդների միաձուլումը շատ հրապուրիչ էր ինձ համար։ Հետագայում ես ևս կիրառեցի այդ մեթոդը։ Եթե դասախոսը դասավանդում է միայն մի միջավայրում, ինչ-որ առումով սահմանափակվում է։ Իսկ այսպիսի ծրագրերը հնարավորություն են տալիս քննարկել այն խնդիրները, որոնք մեր միջավայրում չեն ծագում»։
Ասպրամ Համբարձումյան
Անի Հարությունյան
Լիլիա Հախվերդյան
2-րդ կուրս
Մարի Թարյանի խումբ