Ս․թ․ սեպտեմբերի 29-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Անձ և սոցիալական վարք. COVID-19-ի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները Հայաստանում» խորագրով հետազոտական նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված գիտական քննարկումը:
Հետազոտությունը կատարվել է 2020-2023 թթ․ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի տրամադրած գիտական դրամաշնորհի (20TTSH-070) շրջանակում։ Հետազոտական աշխատանքի գիտական ղեկավարը հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ Նարինե Խաչատրյանն է, հետազոտողները՝ հ.գ.թ․ Սոնա Մանուսյանը, հ.գ.թ. Աննա Հակոբջանյանը և գիտաշխատող Անի Գրիգորյանը։ Հետազոտական աշխատանքներին մասնակցել են նաև օտարերկրյա գործընկերները։
Հետազոտական թիմի անդամները ներկայացրին եռամյա աշխատանքի արդյունքները: Ն․ Խաչատրյանը խոսեց COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու և չպատվաստվելու վերաբերյալ եղած համոզմունքների և COVID-19-ի շուրջ դավադրապաշտական համոզմունքների կանխորոշիչների և հետևանքների մասին: Ա․ Հակոբջանյանի զեկուցումը վերաբերում էր համավարակի պայմաններում հոգեբանական բարեկեցությունը կանխորոշող գործոններին, իսկ Ա․ Գրիգորյանինը՝ համավարակի դեմ պայքարում Կառավարության և առողջապահության ինստիտուտների նկատմամբ վստահության դերի մասին։ Ս․ Մանուսյանը ներկայացրեց որակական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վերաբերում էին համավարակի ընթացքում մարդկանց անձնական փորձառությանը, համոզմունքներին և տարբեր երևույթները վերաիմաստավորելուն։
Գիտական քննարկմանը ներկա էին հետազոտական նախագծի գործընկերները՝ Վարշավայի կարդինալ Ստեֆան Վիշինսկու համալսարանի միջմշակութային հոգեբանության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Մագդալենա Ժեմոյտել-Պիոտրովսկայան և առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Յարոսլավ Պիոտրովսկին։
Պրոֆեսոր Ժեմոյտել-Պիոտրովսկայան բարձր գնահատեց հետազոտական թիմի կատարած մանրակրկիտ աշխատանքը, որի շրջանակում կիրառվել են ժամանակակից գրականության մեջ առկա մեթոդները:
Ամփոփիչ ելույթներով հանդես եկան նաև հոգեբանական գիտությունների թեկնածու Դավիթ Ամիրյանը և Անձի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանը։
Հյուրերն արժևորեցին կատարված գիտահետազոտական աշխատանքը, որը միտված է հասարակության արդի խնդիրների լուծմանը, հանրային և պետական քաղաքականության մշակման համար ապացուցահենք տվյալների մշակմանը:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, հոգեբաններ և ուսանողներ: