Այս ուսումնական տարում առաջին անգամ ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների նախադիպլոմային մասնագիտական արտադրական պրակտիկան անցկացվել է Երևանի թանգարաններում ՝ Ռուսական արվեստի թանգարանում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
6 շաբաթ տևած պրակտիկայի շրջանակում ուսանողները հնարավորություն են ունեցել զարգացնելու թանգարանում աշխատելու հմտությունները: Թանգարանների աշխատակիցները նրանց ծանոթացրել են թանգարանների պատմությանը և գործունեությանը, ներկայացված ցուցանմուշներին, ինչպես նաև արխիվում պահվող նյութերին:
Մասնագիտական պրակտիկայի շրջանակում ուսանողները ծանոթացել են թանգարանագիտության հիմունքներին, թանգարանների հիմնական գործառույթներին, թանգարաններում կատարվող գիտական հետազոտություններին, ձեռք են բերել գիտական արխիվի հետ աշխատելու հմտություններ, սովորել կազմել ցուցանմուշների անձնագրեր, ինչպես նաև ծանոթացել վերականգնողական աշխատանքների մեթոդներին:
Պրակտիկանտները լսել են դասախոսություններ արվեստի և գրականության կապի, աշխարհի հայտնի արվեստի գործիչների մասին (կինո, երաժշտություն, նկարչություն և այլն):
Պրակտիկայի ընթացքում ուսանողներին սովորեցրել են՝ ինչպես կազմել էքսկուրսիոն տեքստ, ինչպես պլանավորել էքսկուրսիա՝ հաշվի առնելով ինչպես թանգարանի այցելուների տարիքային խումբը, այնպես էլ էքսկուրսիոն ծրագրի կրթական նպատակները: Բացի դրանից՝ նրանք ձեռք են բերել գործնական հմտություններ կրթական ծրագրեր կազմելու և նախագծելու համար:
Հագեցած վեց շաբաթվա ավարտին պրակտիկանտները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում ուսանողները վերլուծել են Փարաջանովի ստեղծագործություններում օգտագործված խորհրդանիշները՝ նպատակ ունենալով հասկանալու նրա արվեստի հայեցակարգը և ազդեցությունը ժամանակակից մշակույթի վրա:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պրակտիկանտները պատրաստել են տեղեկատվական նյութեր, որոնք կարող են օգտագործվել թանգարանի էլեկտրոնային էջում բովանդակություն ստեղծելիս, որն այս պահին լրամշակման փուլում է:
Ռուսական արվեստի թանգարանի պրակտիկանտների առաջադրանքը նվիրված էր ռուս նկարիչ, բեմանկարիչ, «Արծաթե դարաշրջանի» ամենահայտնի գործիչներից մեկի՝ Ալեքսանդր Բենուայի կյանքին և գործունեությանը: