Մարտի 1-7-ը Սոչիում՝ «Սիրիուս» կրթական կենտրոնի տարածքում, տեղի է ունեցել աշխարհի ամենամասշտաբային երիտասարդական իրադարձությունը՝ Երիտասարդության համաշխարհային փառատոնը,
Փառատոնին ներկա էր ավելի քան 20 հազար մասնակից 190 երկրներից, այդ թվում՝ ուսանողներ և ակտիվիստներ ԱՊՀ, BRICS երկրներից և ԿԺԴՀ-ից:
Հայաստանը փառատոնին ներկայացել է 250 հոգուց բաղկացած պատվիրակությամբ, որի կազմում էին երկրի տարբեր բուհերի ուսանողներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մասնակիցների թվում էր նաև Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Հարությունյանը:
Անդրադառնալով փառատոնին իր մասնակցությանը՝ Տիգրանը նշեց․ «Փառատոնի շրջանակում ձեռք բերեցի նոր ընկերներ և գործընկերներ, որոնց հետ մենք պատրաստ ենք ընդունելու ժամանակակից աշխարհի մարտահրավերները: Մենք՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած երիտասարդներս, միավորվում ենք հանուն ընդհանուր նպատակի՝ արդար և ներդաշնակ աշխարհի կառուցման»:
«Սիրիուս»-ի հատուկ ձևավորված տաղավարում պատվիրակները ներկայացրել են իրենց երկրների պատմությունն ու մշակույթը: Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհին պատմել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Սերգեյ Փարաջանովի և Տիգրան Պետրոսյանի մասին։ Նրանք տաղավարի բոլոր հյուրերին նվիրել են կրծքանշաններ և Հայաստանի պատմությունն ու մշակույթը խորհրդանշող հուշանվերներ:
Փառատոնի շրջանակում Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները Ադլերում հանդիպել են հայ համայնքի հետ, այցելել տեղի հայկական եկեղեցի: Հայ համայնքի ներկայացուցիչները հյուրերին դիմավորել են հայկական ավանդական պարերով և երգերով:
Այնուհետև Հայաստանի մասնակիցները հանդիպել են Վոլոգդայի և Ռոստովի պատվիրակության հետ, միմյանց ներկայացրել իրենց ժողովրդական պարերը, երգերը, ավանդույթներն ու մշակույթը:
«Երիտասարդության համաշխարհային փառատոնի շրջանակում մենք սովորեցինք լինել հանդուրժող և հարգել միմյանց առանձնահատկությունները, լեզու գտնել տարբեր ռասաների, դավանանքների, մշակույթների և ազգային պատկանելության մարդկանց հետ»,- նշեց Տիգրանը։