Ս.թ․ նոյեմբերի 3-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համատեղ Հայաստանում Սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ կազմակերպել էր «Արցախ 2020-2023. սոցիալական հիմնախնդիրները և սոցիալական աշխատողի քաղած դասերը» խորագրով գիտաժողով՝ նվիրված Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արտակ Խաչատրյանի 70-ամյակին:
Գիտաժողովի նպատակն էր ամփոփել պատերազմական իրավիճակներում, Արցախի շրջափակման և էթնիկ զտումների ընթացքում սոցիալական աշխատողի ճգնաժամային արձագանքման, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված բնակչության տարբեր խմբերի սոցիալական ինտեգրման փորձը, քննարկել մասնագետներին անհանգստացնող հարցերը և ուրվագծել սոցիալական աշխատողի մասնագիտական հետագա գործունեության հեռանկարները ճգնաժամի պայմաններում:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Է․ Ասրիյանը՝ ընդգծելով գիտաժողովին քննարկվող թեմաների հրատապությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ կարևորելով ակադեմիական ոլորտի և պրակտիկ դաշտի համագործակցությունը։
Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փ.գ․դ., պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը «Սոցիալական աշխատանք» մասնագիտության կայացման գործում ընդգծեց Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Ա․ Խաչատրյանի ներդրումը։
Ֆակուլտետի դեկանի տեղակալ Ա. Սահակյանը հանդես եկավ Ա. Խաչատրյանի գիտական գործունեությանը նվիրված ելույթով՝ անդրադառնալով ՀՀ-ում սոցիալական աշխատանքի կայացման, մասնագիտական տերմինաբանության հայաֆիկացման գործում Ա. Խաչատրյանի ունեցած ավանդին: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Յ․ Մելքումյանը և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ, դոցենտ Մ․ Անտոնյանը։
Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միջազգային կառույցների, սոցիալական ոլորտի պետական, համայնքային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ակադեմիական ոլորտի մասնագետներ։ Գիտաժողովի նիստերը նվիրված էին Արցախից բռնի տեղահանվածների համար պետական աջակցության մոտեցումների, ճգնաժամային իրավիճակներում սոցիալական աշխատանքի առանձնահատկությունների և սոցիալական տեխնոլոգիաների վերաբերյալ հարցերի քննարկմանը:
Գիտաժողովին հրավիրված էր նաև Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա իր ելույթում ոլորտի մասնագետների քննարկման համար առաջադրեց բռնի տեղահանված արցախցիների հետ սոցիալական աշխատանքի հնարավոր սցենարներ։ Հարցուպատասխանի ժամանակ մասնագետները քննարկեցին յուրաքանչյուր սցենարի ռիսկերն ու հնարավորությունները՝ հաշվի առնելով դրանց ազդեցությունը տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների վրա:
«Սոցիալական աշխատանք»-ի ներածական դասընթացի շրջանավարտներին գիտաժողովի վերջում ավարտական վկայականներ հանձնեցին Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Հայ կրթական հիմնարկության ներկայացուցիչները: